«Ա՛լաբաշ, օգնի, ասի, ինձ կերավ…»։ Հա՛յ քեզ մատաղ, շո՜ւն, որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ ըլի։ Ամա ի՜նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին։
Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցել։ Մին էլ էն տեսա՝ կում արավ ու մարգի պես երեսիս մի մեծ թքեց՝ թո՜ւ։ Որ թուքն աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, ետնուց էլ թանթլիկով մի թունդ ապտակ հասցրեց, ու ինձ կորցրի։
Տեսա՝ էլ ազատվելու դուռը չկա, ասի՝ ես առաջուց երեսիս վրա վեր ընկնեմ, որ երեսս փչացնի ոչ։ Բերանսիվեր տակին վեր ընկա։ Որ տակին վեր ընկա, շունն ավելի կատաղեց։ Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բռնում է՝ օգուտ չի անում։ Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանա։ Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեց։ Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեց։ Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ, թե չանչեց, էլ գիտեմ ոչ՝ ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ, կորավ։
Շունն էլ գնաց․ մնացինք ես ու ինքը։ Հիմի տակին երեսս բռնած միտք եմ անում։ Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ։ Թե իմանում է, որ շունչ է քաշում տակի օքմինը, ջարդում է, մինչև շունչը կտրի, թե հո չէ՝ քոթքաթաղ է անում, թողնում գնում, որ հոտի, հետո գա հանի ուտի։ Էս միտք անելիս մին էլ էն տեսա՝ գլուխը բերավ գլխիս վրա դրավ, շունչը իրեն քաշեց․ ականջ է դրել։ Ես էլ շունչս փորս գցեցի, ոնց որ թե մեռած եմ։ Գլուխը վեր քաշեց, մի քիչ կացավ՝ մին էլ ականջ դրավ։ Էլ ետ շունչս պահեցի։ Սա որ տեսավ՝ ես, էս է, մեռած եմ, ինձ թող արավ մրթմրթալով գնաց։ Աչքս ծերպ արի, ասի՝ մտիկ անեմ, տեսնեմ ուր է գնում։ Ասում եմ՝ հենց լինի մի քիչ տեղ հեռանա, վեր կենամ փախչեմ։
62