Գնաց՝ մոտիկ ցախ ու մախ կար, փետ կար, հավաքեց բերավ վրես ածավ։ Մեջքիս վրա դրավ, շլինքիս վրա դրավ, էլ ետ գնաց։ Գնաց, մի թեթև ցըցչորի կար, էն էլ բերավ ոտներիս վրա դրավ, մին էլ ետ գնաց։
Տեսնեմ՝ մի ահագին քոթուկ կա, չարչարվում է պոկի, որ բերի էն էլ վրես գցի։ Միտք արի որ՝ թե էս քոթուկը բերի վրես գցի, տակին շունչս կկտրի։ Ասի, քանի ուշքը քոթուկումն է, վեր կենամ կորչեմ։ Փորսող տալով փետերի տակիցը դուրս եկա, փախա մտա մոտիկ մամխուտը, տապ արի։
Հիմի տապ արած տեղիցը մտիկ եմ անում։ Չարչարվեց, քոթուկը պոկեց ու, ոնց որ մարդը խտըտի, խտըտեց, բերավ թե վրես գցի։ Եկավ տեսավ փետերի տակին մարդ չկա։ Քոթուկը խտըտին զարմացած կանգնեց, փետերի տակին մտիկ արավ, չորս կուռը մտիկ արավ, հանկարծ քոթուկը վեր գցեց ու՝ թո՛ւ հա թո՛ւ, թո՛ւ հա թո՛ւ, մարդի նման թքոտում է. ասի երևի ափսոսում է, էլի՛։
Թո՛ւ հա թո՛ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորը։ Ես էլ վեր կացա, դուրս պրծա դեպի Ավագը։ Գալիս եմ, ոնց եմ գալիս, ոնց որ հետ ածած լինեմ։ Ետ եմ մտիկ անում, ասում եմ՝ տեսնեմ, հո արջը գալիս չի։ Հասա մեր խոզի նիստը։ Էս Ավագը, թե՝ ա՜յ տղա, էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ ես եղել։ Ասի՝ էլ խաբարը ո՞րն է, քո տունը քանդվի, էսենց բան եկավ գլուխս։ Թե՝ բա հրացանդ ո՞ւր է։
Նոր տեսնեմ, որ հրացանս մտիցս ընկել է, թողել եմ տեղը։
Եկանք մի քանի հոգի հավաքվեցինք, գնացինք հրացանս բերինք։ Հրացանիս քարը շինեցի, պնդացրի, ասի՝ Ավա՛գ, էլի պետք է գնամ։ Թե՝ ա՛յ տղա, ձեռը վեր կալ, կբռնի կգզի։ Ասի՝ հիմի սովորեցի, էնպես չեմ անի, որ բռնի։
Թե՝ դու գիտես։
Հրացանս, վեր կալա, քարը պնդացրի ու գնացի։ Տանձի էլ կաթոցի ժամանակն է։ Գնացի մինչև ճաշ ման եկա, ոտնահան