Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/663

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չախչախ թագավորինը,– պատասխանում են հովիվները։ Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։ Հասնում են խոտհարողներին։

— էս ո՞ւմն է։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած Չախչախ թագավորի հարստության վրա։ Ինքը՝ Չախչախ թագավորն էլ, քիչ է մնում խելքը թռցնի»։

էսպեսով գնում են հասնում X-ի պալատներին։

Աղվեսն տեր է դարձել, ընդունում <է> հյուրերին, ու դարձյալ սկսում են քեֆը։

Հե՛յ, քեֆ արեք, քեֆ։

էլ ո՞ւր կըտեսնեք էսպես հարսանիք.

Որ ջրաղացպանը դառնա թագավոր, ջաղացը՝ պալատ, աղվեսը՝ քավոր։

Յոթն օր, յոթը գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են։

Մնում են Չախչախ թագավորն, իր կինն ու աղվեսը։

Չախչախ թագավորն ու իր կինը ապրում են պալատի վերի հարկում, աղվեսը՝ ներքին։

Բայց հարսանիքից հետո Չախչախ թագավորը աղվեսին աչքից գցում <է>։

Աղվեսը էս բանը նկատում է, փորձելու համար գնում բակում պառկում, սատկած ձևանում։

Չախչախ թագավորի կինը տեսնում, մարդուն ձայն է տալի.

— Վա՜յ,— ասում <է>,— մեր աղվեսը սատկում է։

— Սատկում է՝ սատկի, աղվեսն ինչի՞ս է պետք։ Ներքի սենյակն էլ բանդ է արել,– պատասխանում <է> Չախչախ թագավորը։

Աղվեսն էս որ իմանում <է>, տեղիցը վեր <է> թռչում ու կանչում.

Հե՛յ, դուք,
Չախչախ թագավոր,

Ասե՞մ, ասե՞մ,

Քանդած ջաղացն ասե՞մ,
Մոխրոտ բաղաջն ասե՞մ,
. . . . / չախչախն ասե՞մ,
Փոստալ փափախն ասե՞մ,
Պատառած քուրքը ասե՞մ,
Կոտրած փարչը[1] ասե՞մ,
<2 անընթ.>

  1. 1 [կուժը]։