Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/727

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հովհ. Թումանյանի Երկերի լիակատար Ժողովածուի 5-րդ հատորն ամփոփում է նրա գեղարվեստական արձակն իր բոլոր պահպանված մասերով։

Առաջին երկու բաժիններում ներկայացվում են Թումանյանի արձակի հիմնական ժանրերը՝ պատմվածքներն ու հեքիաթները։ Երկու դեպքում էլ բաժինների ներսում ինքնուրույն երկերին հաջորդում են թարգմանությունները, քանի որ դրանք ստեղծագործական փոխադրության, օտար գրականության և բանահյուսության արժեքները հայ ժողովրդի հոգևոր սեփականությունը դարձնելու փայլուն օրինակներ են։

Երրորդ բաժնում հավաքված են գեղարվեստական արձակի բնագավառում Թումանյանի կատարած բազմաթիվ ու բազմաժանր փորձերը, որոնք տարբեր պատճառներով մնացել են սևագիր կամ անավարտ վիճակում: Նկատի ունենալով այդ նյութերի ժանրային խայտաբղետությունը՝ բաժնի ներսում կատարվել են մի քանի ներքին խմբավորումներ։ Առանձնացվել են, նախ, պատմվածքի և վիպակի փորձերը, ապա՝ մանրապատումներն ու ֆելիետոնատիպ գործերը, արդիական և պատմական թեմաներով գրված դրամատիկական երկերի պահպանված հատվածները։ Մյուս խումբը կազմում են հեղինակի ստեղծագործական գրառումները, որոնք մեծ մասամբ ապագա երկերի նախնական շարադրանք կամ պլաններ են:

«Տարբերակներ և նյութեր» բաժնում հավաքված են տվյալ երկի ոչ միայն քիչ թե շատ ամբողջական փոփոխակները, այլև տպագիր ու ձեռագիր բոլոր այլընթերցումները, ստեղծագործության համար կատարված գրառումներն ու քաղվածքները, աղբյուրների ցուցակները, որոնք երբեմն բավական մեծ ծավալ են կազմում։ Միասին վերցրած՝ այդ նյութերը շոշափելի պատկերացում են տալիս Թումանյանի գեղարվեստական որոնումների ներքին հարստության և դժվարությունների մասին։ Հատորը կազմողները ձգտել են արձանագրել և ընթերցողին հասցնել Թումանյանի ստեղծագործական աշխատանքի բոլոր մանրամասներն ու երանգները:

Նկատի ունենալով, որ բնագրային տարբերությունները կրկնվում են կամ ունեն նույն բնույթը (փոփոխությունները մեծ մասամբ արված են, մի կողմից՝ մանուկ ընթերցողներին և դասագրքից օգտվողներին ավելի հասկանալի դարձնելու, մյուս կողմից՝ բարբառային նույն բառերը, արտահայտությունները գրական լեզվի վերածելու նպատակով), նման տարբերությունները խմբավորված են կամ չեն տրվում։ Օրինակ, չեն