զգալի մասը նվիրել նրանց։ Իր ստեղծագործության հիմնական ոլորտից՝ հայ գյուղաշխարհի կյանքից զատ, նա այդ երկերում մտադիր է եղել անդրադառնալ նաև թիֆլիսահայ իրականության տարբեր կողմերին։ Ֆելիետոնների և մանրապատումների մեջ զգալի տեղ է գրավում հայ մամուլի, դպրոցի և ընկերությունների գործունեությունը՝ մեծ մասամբ երգիծական երանգներով։ Կան նաև քաղաքային կյանքի պատկերներ, բայց գերակշռողը գյուղական բարքերի տեսաբաններն են, հատկապես գավառում գործող մտավորականի ճակատագրի բացահայտումը։
Թումանյան արձակագրին այս շրջանում զբաղեցրել են բազմազան ժանրային ձևեր՝ մանրապատումից և երկխոսությունից մինչև վիպական ստեղծագործության փորձը։ Նույնիսկ անավարտ և անկատար վիճակում այդ բոլոր նյութերն ինքնին շատ կարևոր են երիտասարդ Թումանյանի ստեղծագործական որոնումները ճիշտ հասկանալու համար։ Եթե հեղինակը շարունակեր և ավարտեր աշխատանքն այդ երկերի վրա, ապա դրանք, անշուշտ, հետաքրքիր, գուցե և նշանակալի էջեր կլինեին հայ արձակի պատմության մեջ։ Սակայն Թումանյան արձակագիրը 90-ական թթ. հետո որոշեց «սահմանափակել» իր ոլորտը ինչպես ժանրի հարցում (մնացին միայն պատմվածքն ու հեքիաթը), այնպես էլ թեմատիկ առումով (հայ գյուղաշխարհն ու բանահյուսական միջավայրը) և ոճի հատկանիշներով (ժողովրդական լեզվամտածողության սկզբունքով՝ կառուցված պատում)։ Այդ պատճառով էլ արձակի շատ նախնական փորձեր հետագայում նրա համար կորցրին իրենց ստեղծագործական հետաքրքրությունը և մնացին սևագիր կամ անավարտ վիճակում։
Այդ փորձերից ամենախոշորը ծավալով և ամենից կարևորը իր բովանդակությամ՝ «Դեպի հայրենիք» վեպի մասերն են՝ գրված 90-ական թթ. առաջին կեսին։ Դատելով պահպանված հատվածներից՝ Թումանյանը ծրագրել էր մի բավական ընդարձակ վիպական ստեղծագործություն, որի մեջ պիտի պատկերվեր և՛ քաղաքային կյանքը, և՛ գյուղական միջավայրը՝ իրենց կենցաղով ու հասարակական միջավայրով։ Վեպի կենտրոնում պետք է լինեին երիտասարդ մտավորական հերոսներ, որոնք, ժամանակի ժողովրդասիրական գաղափարներով ներշնչված, քաղաքից գալիս են գյուղ՝ տարածելու լուսավորության և արդարության սկզբունքներ։ Այդ միտումների ամենից ցայտուն կրողը Սուրենն է, որն, անշուշտ, պետք է լիներ վեպի գլխավոր հերոսը։ Այդ կերպարի մեջ դրված են որոշ ինքնակենսագրական գծեր, հեղինակի նվիրական խոհեր։ Պատահական չէ, որ Սուրենը, իբրև հեղինակի «ալթեր էգո», բացի այս վեպից հանդես է գալիս նաև նույն շրջանում գրված ուրիշ սևագիր գործերում՝ «Դարձ» պոեմում և «Խավարի մեջ» դրամայում։ Այսպիսով, գրեթե միաժամանակ, արձակ, չափածո և թատերգական ձևերի մեջ Թումանյանը ձգտել է մարմնավորել դեպի ժողովուրդն ու նրա հոգսերը գնացող նույնանուն հերոսի կերպարը, նրա և շրջապատի բարդ հարաբերությունները։
90–ական թվականներին են վերաբերում նաև մի քանի դրամատիկական երկերի պահպանված հատվածները։ Ի տարբերություն այդ