Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/733

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջանի արձակ մտահղացումների՝ դրամաներ գրելու ծրագիրը երբեք չմոռացվեց և մինչև վերջ էլ մնաց Թումանյանի նվիրական երազանքը։ Հայտնի են նրա բազմակի խոստովանություններն այն մասին, որ ինքն իր մեջ ամենից ավելի դրամատուրգի կոչում է զգում ու երազում է դրամաներ գրել։ Մենք գիտենք նաև, որ Թումանյանն իր պիեսները ոչնչացրել է, որովհետև․․․«Շեքսպիրի գրածների նման չէին դուրս եկել»։ Իրոք, ամբողջական դրամատիկական որևէ երկ մեզ չի հասել, սակայն պահպանված հատվածների և ժամանակակիցների վկայությունների հիման վրա կարելի է վերականգնել այս ասպարեզում նրա կատարած որոնումների պատկերը (խնդրի բանասիրական մանրամասն քննությունը տրված է Ա. Ինճիկյանի հոդվածում՝ «Թումանյանի դրամատուրգիական փորձերը», ՈՒՀ 3, 365—376)։

Առաջին քայլն այս ուղղությամբ եղել է «Արտավազդ Բ» պատմաառասպելական դրաման, որից մնացել են միայն ծրագրային ոչ մեծ գրառումներ։ Այդ ոչնչացված դրամայի մասին որոշ տվյալներ իմանում ենք Թումանյանի մի հոդվածից («Խորենացու «Տենչայր Սաթենիկ» հատվածի մասին», 1894) և Դ. Դեմիրճյանի հուշերից։ Մյուս պատմական դրաման նվիրված է եղել Անիի Հովհաննես (կամ Հովհաննես–Սմբատ) թագավորին, որն իշխել է XI դարի սկզբում։ Այդ դրամայից մեզ հասել են մի համեմատաբար մեծ հատված և մի քանի գրառումներ։ Դրանք ցույց են տալիս, որ Թումանյանը ձգտում էր պատմական անցյալի օբյեկտիվ ճշմարտությանը զուգակցել ժամանակակից որոշ գաղափարների, մասնավորապես՝ խաղաղության և մարդկային փոխըմբռնման անհրաժեշտության մտքի հետ, որի կրողն է Հովհաննես թագավորը։

Տարիներ անց՝ 1910-ական թվականներին, բանաստեղծը ձեռնարկում է գրելու ևս մի պատմաբանահյուսական դրամա՝ «Հազարան բըլբուլը»՝ ցանկանալով իր այնքան սիրած հեքիաթային սյուժեն ու նրա նվիրական գաղափարը բացահայտել նաև դրամատիկական օբյեկտիվ սեռի միջոցներով։ Հեքիաթի չափածո և արձակ– երգախառն մշակումների հատվածների և այս ստեղծագործության հետ կապված բազմաթիվ նախապատրաստական նյութերի հետ միասին դրամատիկական կտորները ևս զետեղվում են սույն հրատարակության 4-րդ հատորում։ Այսպիսով, ի մի են հավաքվում երկար տարիներ Թումանյանին զբաղեցրած այս մեծ մտահղացման հետ առնչվող բոլոր նյութերը, որոնց մեջ գլխավորը, իհարկե, պոեմի ստեղծումն է եղել, իսկ արձակ և թատերգական տարբերակները օժանդակ դեր են խաղացել, եղել են հեքիաթը տարածելու լրացուցիչ միջոցներ։

Տարբեր չափերով են մեզ հասել նաև ժամանակակից թեմաներով գրած դրամաների բեկորները («Համլիկ», «Խավարի մեջ», «Մենակ աղջիկը» և այլն)։ Երբեմն դրանք քիչ թե շատ ծավալուն հատվածներ են, երբեմն էլ՝ ապագա ստեղծագործության սեղմ գրառումներ։ Ընդհանուր առմամբ դրանք իրենց բովանդակությամբ և նյութով սերտորեն հարում են «Դեպի հայրենիք» վեպի հատվածներին, արծարծում են ժողովրդասեր և