Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/735

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանձին գրքույկներով հրապարակելուց, Թումանյանն անհրաժեշտ համարեց հավաքել դրանք մի քանի ժողովածուի մեջ, ինչպես «Գրիմ եղբայրների հեքիաթները» (երեք պրակով, 1914—1915), «Ռուսական հեքիաթներ» (1916), «Օտար հեքիաթներ» (երկու պրակով, 1916)»

Կենդանության ժամանակ Թումանյանի տպագրած պատմվածքները, ինքնուրույն և թարգմանական հեքիաթները ծավալով մեծ չեն և միասին հազիվ մի ոչ մեծ հատոր են կազմում։ Ի դեպ, իր արձակ գործերը ի մի հավաքելու փորձ նա չի արել։ Եղել են միայն մի քանի երկերի առանձին պատկերազարդ հրատարակություններ («Գիքորը», «Քաջ Նազարը», «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ», «Խոսող ձուկը» և այլն)։ Եթե հիշենք, որ հասուն շրջանում Թումանյանը տպագրել է քնարական և վիպական չափածոյի երեք ստվար ժողովածու (1903, 1908 և 1922 թ,), ապա արձակ երկերի ամբողջական հրատարակության նկատմամբ այս «անտարբերությունը», բացի գործնական դժվարություններից, ըստ երևույթին, պետք է բացատրել նաև իր ստեղծագործության այս մասի նկատմամբ նրա ունեցած որոշ «վերապահությամբ»։

Բանն այն է, որ Թումանյանն իրեն «կոչումով արձակագիր» չէր համարում։ Ի տարբերություն դրամայի, որը նրա համար միշտ մնաց իբրև նվիրական երազանք, բանաստեղծն այլ վերաբերմունք ուներ արձակի նկատմամբ և մի զրույցի ժամանակ նույնիսկ ասել է. «Ես արձակ գրում եմ պատահաբար, ես հո վիպասան չեմ, ես դրամատո՛ւրգ եմ» (Ն. Թումանյան, 102)։ Նույն խոսքերին հանդիպում ենք նաև Ստ․ Զորյանի հուշերում (ԹԺՀ, 123)։ Իրոք, առաջին հայացքից թվում է, որ Թումանյանի արձակ երկերը գրվել են «պատահաբար», առանց հետևողական ծրագրի, սոսկ իբրև տեսածի ու լսածի անմիջական վերարտադրություն։ Բայց այդպես միայն թվում է։ Իրականում արձակի մեջ ևս նա ունի իր կայուն ստեղծագործական սկզբունքները, որոնք չի կարելի շփոթել հայ արձակի որևէ այլ երևույթի հետ։

2

Գաղափարներով և գեղարվեստական ընդհանուր չափանիշներով Թումանյանի արձակը, ինչ խոսք, սերտորեն կապված է նրա ստեղծագործության հիմնական բաժնի՝ պոեզիայի հետ։ Սակայն, ամբողջությամբ վերցրած, նրա արձակը գեղարվեստական ուրույն համակարգ է, որը չի կարելի դիտել ու հասկանալ սոսկ իբրև նրա պոեզիայի գաղափարների ու կերպարների մարմնավորում մեկ այլ ձևով։ Արձակի մեջ Թումանյանը հանդես է բերում գեղարվեստական պատկերման և լեզվամտածողության ուրիշ սկզբունքներ, չխոսելով արդեն այն մասին, որ գյուղաշխարհին նվիրված պատմվածքներում նա դիմում էր հատկապես «կյանքի պրոզային», առօրյա այնպիսի մանրամասների, որոնք պարզապես անհնար է պատկերացնել չափածո ձևի մեջ։