Արձակի մեջ Թումանյանի ոճը համեմատաբար ավելի արագ ձևավորվեց, քան պոեզիայում։ Թեև սկզբից ևեթ Թումանյանը ռեալիստական սկզբունքներ էր դավանում, սակայն իր պոեզիայի համապատասխան ոճը նա միանգամից չգտավ։ Ավելի քան մեկ տասնամյակի ստեղծագործական որոնումներից, գեղարվեստական մի շարք թերությունների և հռետորական–ռոմանտիկական ոճի ազդեցության հաղթահարումից հետո միայն նա պոեզիայի մեջ հասավ ամբողջական ռեալիստական համակարգի։ Այնինչ դեռ 90–ական թթ. տպագրված պատմվածքներում մենք արդեն տեսնում ենք որոշակի և կայուն ռեալիստական սկզբունք ու ոճ, որն, իհարկե, ժամանակի ընթացքում ավելի կատարելագործվեց։ Չունենալով «Գիքորի» առաջին խմբագրությունը՝ մենք այդ փոփոխությունների մասին որոշ պատկերացում կարող ենք կազմել «Արջաորս», «Երկաթուղու շինությունը», «Նեսոյի քարաբաղնիսը» պատմվածքների նախնական և վերջնական տարբերակների համեմատությունից։
Թումանյան արձակագրի նշանակության և արժանիքների ճանաչումը տեղի ունեցավ միանգամից և անվերապահորեն։ Գրական քննադատությունը, որն, ըստ երևույթին, չէր նկատել կամ լուրջ արժեք չէր տվել նրա առաջին պատմվածքներին, կարծեք կանգնեց անսպասելի հայտնության առջև, երբ Թումանյանը հրապարակեց իր արձակի լավագույն էջերը։ Ամենացայտուն վկայությունը թումանյանական արձակի երկու անվիճելի գագաթների՝ «Գիքորի» և «Քաջ Նազարի» առաջին գնահատականներն են, այն էլ կապված հայ գրականության այնպիսի նշանավոր անունների հետ, ինչպիսիք են Ավետիք Իսահակյանն ու Նիկոլ Աղբալյանը։ «Գիքորի» առանձին պատկերազարդ հրատարակության առթիվ գրած փոքրիկ գրախոսականում Ավ. Իսահակյանը մատնանշեց Թումանյանի արձակի մի զարմանալի «գաղտնիք»՝ գեղարվեստական նվազագույն միջոցներով բացառիկ ուժեղ տպավորության հասնելու ունակությունը։ Իսահակյանը գրում էր․
«Երբ կարդում եք այս փոքրիկ պատմվածքը, ձեր սիրտը լցվում է թախիծով և երկար ժամանակ մնում եք կսկծեցուցիչ տպավորության տակ։
Մարդ զարմանում է, թե ինչպես այս նաիվ պատմվածքը թաքցնում է իր մեջ ա՛յնքան լիրիզմ, ա՛յնքան անմիջական զգացմունք և ա՛յնքան իրական կյանք» («Հորիզոն», 27 հունվարի 1910 թ., №19)։
Դրանից մոտ երեք տարի անց «Քաջ Նազարի» մասին հոդվածով հանդես եկավ Ն. Աղբալյանը՝ ցույց տալով հեքիաթի համամարդկային և հավերժական բովանդակությունը, Թումանյանի մշակման գեղարվեստական անանց արժեքը։ Ահա քննադատի հիմնական եզրակացություններից մեկը։
«Մենք չենք կարող սպառել այն բոլոր երևույթները, որոնց խորացումն ու մեկնությունն է մեր Ժողովրդի այս հանճարեղ հղացումը։ Մշակված մի մեծ տաղանդի ձեռքով՝ նա կա ու կմնա մեր գրականության լավագույն արտադրություններից մեկը, որ ունի բոլոր մեծ ստեղծագործությանց անկասկածելի կնիքը— լինել մատչելի և թելադրական մանուկին