Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/738

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հերոսների հետագա ճակատագիրը կամ խնդրի լուծման պատմական հեռանկարը։ Այսպես, «Երկաթուղու շինությունը» պատմվածքում հայ գյուղաշխարհ մուտք գործող երկաթուղու և նրա բերած նոր հարաբերությունների շուրջ զրուցակիցների թեր և դեմ կարծիքներին հետևում է մի այսպիսի կտրուկ վերջաբան. «Ո՛ւ–ո՛ւ–ո՛ւ․․․ Ձորերում սուրում էր երկաթուղին։ Նոր էր մտել նա մեր ձորերը»։ Այսպես, օբյեկտիվորեն ցույց է տրվում իրականության մեջ կատարված տեղաշարժերի անդառնալի ընթացքը։ Կամ՝ «Գիքորի» եզրափակիչ տեսարանը, ուր, տեղի ունեցած դժբախտությանը անտեղյակ, ընտանիքի անդամները գյուղի ծայրին սպասում են Գիքորի վերադարձին («Ալի՜, ալի՛, հե՛ Գիքոլ․․․»)։ Սրանով, ճիշտ է, ողբերգության հետագա ընկալումը կարծեք թե հանվում է պատմվածքի առկա սահմաններից, բայց ընթերցողի երևակայության մեջ այն հարատևում է ավելի մեծ ցավով, քան եթե այդ բոլորը ուղղակի նկարագրվեր։ «Կենդանիների կյանքից» քաղված պատմվածքները («Արջաորս», «Գելը», «Ծղրիդը»), ամեն մեկը յուրովի, ավարտվում են այնպիսի վերջույթներով, որոնք ակնարկում են բնության հարատևող մեծ կյանքը, մարդու և կենդանու անմիջական կապերը նահապետական լեռնաշխարհում։

Շատ բազմազան, բայց միշտ իմաստալի և, այսպես ասած, հեռանկարային են հեքիաթների վերջույթները։ Հետևելով ժողովրդական հեքիաթի ոգուն և պոետիկային՝ Թումանյանը ևս մի շարք դեպքերում սյուժեն ավարտում է չարի նկատմամբ բարու հաղթանակով («Ոսկու կարասը», «Տերն ու ծառան», «Կռնատ աղջիկը» և այլն)։ Բայց քիչ չեն նաև այն հեքիաթները, որոնց մեջ հաղթում ու հարատևում են չարն ու անարժանը («Քաջ Նազարը», «Խելոքն ու հիմարը», «Անբան Հուռին», «Ձախորդ Փանոսի հեքիաթը» և այլն)։ Այս և ուրիշ հեքիաթներում Թումանյանը սիրում է «անմահ պահեր» իր հերոսներին, այսինքն՝ նրանց դուրս բերել ժամանակային կոնկրետ սահմաններից, դարձնել մարդկային որևէ հավերժական հատկանիշի կրող և խորհրդանիշ։ Լավագույն օրինակը «մինչև էսօր էլ դեռ ապրող և թագավորող» Քաջ Նազարն է, որի կերպարով Թումանյանը պատկերում և զգուշացնում էր, թե ինչպիսի չարիքներ կարող են ծնել կույր հավատն, ու ստորաքարշությունը, պաշտամունքը անարժան մարդու նկատմամբ։ Անմահ են մնում նաև «Բարեկենդանի» հերոսները՝ անվերջ իրար հետ կռվող ամուսիններն ու նրանց հիմարությունից օգտվող ճարպիկ խաբեբան, «Խելոքն ու հիմարը» հեքիաթի եղբայրները․․․

Թումանյանի գրեթե բոլոր արձակ երկերի մեջ շատ մեծ է հերոսների ուղղակի խոսքի տեսակարար կշիռը։ Հեղինակն ասեք ետին պլան է քաշվում, նրա պատմությունը հասնում է նվազագույնի՝ ասպարեզ բացելով գործող անձանց խոսքի և արարքների ուղղակի ցուցադրման համար։ Այդ խոսքը հասցված է տիպականացման ամենաբարձր աստիճանի, երբ հերոսի մեկ հատիկ բառը կարող է ներքուստ լուսավորել նրա էությունը։ Այսպես, արձակագիր Թումանյանը կարծեք մասամբ իրականացնում է դրամաներ գրելու իր երազանքը, և պատահական չէ, որ