Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/742

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ ուրույն գունավորում է ստանում։ Թումանյանի հեքիաթները, մանավանդ բազմերանգ ու համապարփակ «Քաջ Նազարը», նրա մի շարք պատմվածքների, «Պոետն ու Մուսան» պոեմի և որոշ բանաստեղծությունների (օրինակ՝ չափածո ֆելիետոնները) հետ միասին, կազմում են հայ երգիծանքի ամենից ինքնատիպ ու հետաքրքիր էջերից մեկը (որն, ի դեպ, դեռևս իր արժանի գնահատականը չի ստացել)։

Գեղարվեստական պատկերման նշված և ուրիշ միջոցներով Թումանյան արձակագիրն ստեղծեց անմոռաց կերպարների մի ամբողջ մեծ պատկերասրահ, որով նա կարող է մրցել ուզածդ հայ խոշորագույն արձակագրի հետ։ Նրա հեքիաթներից և պատմվածքներից բազմաթիվ գործող անձինք ամուր մտել են ժողովրդի գիտակցության մեջ, դարձել են մարդկային բնավորության և ճակատագրի տարբեր կողմեր խորհրդանշող հասարակ անուններ։ Բավական է հիշել թումանյանական հեքիաթների այնպիսի կերպարներ, ինչպես հաջողակության, փառքի և իշխանության աստիճաններով անընդհատ վեր բարձրացող Քաջ Նազարը և ամեն ինչում դժբախտության հանդիպող Ձախորդ Փանոսը, ագահ տերն ու նրա մոտ ծառայության մտնող երկու եղբայրները, գոյություն չունեցած Կիկոսի «մահվան» համար սուգ ու շիվան անող քույրերն ու նրանց ծնողները, բարեկենդանի պատճառով անընդհատ կռվող ամուսինները, ծույլ, բայց բախտավոր Անբան Հուռին, անվերջ պարադոքսներով մտածող սուտլիկ որսկանը և թագավորին հաղթող հնարամիտ սուտասանը․․․

Այս բոլոր կերպարների «միջուկը» (կամ սաղմերը) Թումանյանը գտել ու քաղել է հայ և միջազգային ժողովրդական բանահյուսությունից։ Բայց նա կարողացել է բացահայտել և ընդգծել նրանց համամարդկային և հավերժական բովանդակությունը, դարձնել բնավորության որևէ գծի ամբողջական և տպավորիչ խորհրդանիշ-ընդհանրացումներ։ Հատկանշական է, որ շատ դեպքերում Թումանյանը հարկ չի համարում այդ կերպարներին որոշակի անուններ տալ, այլ կոչում է պարզապես՝ տերը, ծառան, խելոքը, հիմարը, մարդը, կնիկը և այլն։ Դրանով, անշուշտ, ավելի է ընդգծվում կերպարի համընդհանուր բնույթը։ Եվ ապա. նշված հերոսները հանդես են գալիս ու գործում են հեքիաթին հատուկ պայմանական, չափազանցված, երբեմն նույնիսկ ֆանտաստիկ հանգամանքների մեջ, բայց դա ամենևին չի զրկում նրանց կենսական հավաստիությունից և ռեալիստական ուժից։ Այդ կերպարներն ազգային միջավայրի և ժամանակի կոնկրետ հատկանիշներով օժտված չեն, բայց այդ «թերությունը» դառնում է նրանց հավերժական գոյատևման, ժամանակի ընթացքում իրենց նշանակության նորանոր կողմերի բացահայտման հիմք։

Միայն մեկ կամ մի քանի իրավիճակի մեջ ցուցադրելու ճանապարհով են ամբողջանում նաև թումանյանական պատմվածքների հերոսները՝ նահապետական գյուղաշխարհի այդ հարազատ «բեկորները»։ Եվ սակայն նրանք էլ, հեքիաթների հերոսների նման, «փոքր ձևի» մեջ դրված իսկական մոնումենտալ կերպարներ են, որոնք ընթերցողի գիտակցության մեջ ամուր կերպով մնում են իբրև իրենց միջավայրի մտածողության և