վարքագծի մարմնավորումներ։ Դա վերաբերում է կերպարների ամբողջ պատկերասրահին՝ Գաբո և Նեսո բիձաներից մինչև Քեռի Խեչանն ու պատանի Նեսոն, մինչև «Գիքորի» գյուղաբնակ ու քաղաքաբնակ գործող անձինք։ Ճիշտ է՝ Թումանյանը սովորաբար չի զբաղվում իր հերոսների հոգեբանության վերլուծությամբ, որևէ տրամադրության կամ ապրումի մանրամասն քննությամբ։ Բայց՝ զարմանալի՜ բան. դա ամենևին չի խանգարում, որ մեզ լիուլի փոխանցվի գործող անձանց ցավն ու տառապանքը, որ մենք հուզվենք ու ապրենք նրանց ճակատագրով։ Բավական կլիներ հիշել միայն «Գիքորը», բայց նույն իրողության պերճախոս օրինակներ են նաև «Աղքատի պատիվը», «Լեռների հովիվը», «Եղջերուն», «Իմ ընկեր նեսոն» և այլ պատմվածքներ։ Հուզական-հոգեբանական բովանդակության աղբյուրը Թումանյանի արձակում ոչ այնքան ներաշխարհի ուղղակի ցուցադրումն է, որքան հերոսի արարքների միջոցով նրա հոգեվիճակի և ապրումների մեջ թափանցելը։ Գործողության և շարժման արտաքին նկարագրությունը ընթերցողին հնարավորություն է տալիս մտնելու կերպարի ներքին ապրումների ոլորտը, համազգալու այդ գործողությանը համապատասխանող հոգեկան դրությունը։
4
Հատուկ պետք է խոսել Թումանյանի արձակ երկերի կենսական և գրական աղբյուրների մասին։ Չնայած ընդհանուր գեղարվեստական սկզբունքներին, պատմվածքներն ու հեքիաթները այս հարցում էապես տարբերվում են իրարից, և նպատակահարմար է դրանք քննել առանձին։
Կարելի՞ է արդյոք խոսել Թումանյանի պատմվածքների կերպարների իրական նախատիպերի, սյուժեների որոշակի կենսական զուգահեռների մասին։ Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ։ Բանն այն է, որ, մի կողմից, նրա պատմվածքները, իրոք, հայ գյուղաշխարհի իրողությունների անխարդախ արտացոլումն են։ Ավելին, թվում է, թե հեղինակը պարզապես հայելանման հարազատությամբ իր պատմվածքների մեջ է տեղափոխել կյանքում տեսած դեպքը, լսած զրույցն ու խոսակցությունը։ Սակայն, մյուս կողմից, չի կարելի պնդել նաև, թե Թումանյանի պատմվածքներից որևէ մեկը իր սյուժեով կամ երկխոսությունների ընթացքով ուղղակի քաղված է կյանքից և նույնությամբ վերարտադրում է իրոք կատարված որևէ իրադարձություն։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ պատմվածքների մեջ խտացված կերպով արտահայտվել է գյուղաշխարհի բարքերի և մարդկանց այն խորագույն իմացությունը, որն անբաժան էր նրանց էությունից։ Սակայն նա ոչ թե մնացել է մեկ առանձին դեպքի կամ փաստի շրջանակներում, այլ իր կենսաճանաչողության հարստագույն շտեմարանից ազատ ընտրություն է կատարել։ Հիշենք «Նեսոյի քարաբաղնիսի» օրինակը։ Այն, որ Կիրակոսի համար քարաբաղնիս անելուց առաջ Նեսոն ոգևորված թվարկում է այդ միջոցով փրկված համագյուղացիների