Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/752

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնուհետև, զգալի փոփոխություններով՝ Լ IV, 1909, էջ 87–93, նույն թվականին դարձյալ առանձին գրքով՝ Ռոտտերի նկարազարդումներով, ապա՝ Լ IV, 1913, էջ 83–89, Լ IV, 1914, Կ. Պոլիս, «Գրիգորը» վերնագրով, էջ 85–91, այնուհետև՝ Լ IV, 1919, էջ 83–89, Լ III, 1920, էջ 33–89, ԵԺ 111, 25–49։

1916թ. պատմվածքը թարգմանվել է ռուսերեն (տե՛ս Гикор, пер. П. Макинцяи, «Сборник армянской литературы», (СПБ.), 1916, с 182–194):

Ադրբեջաներեն վերաշարադրել է Ա. Շարիֆը, այն լույս է տեսել Թիֆլիսում, 1920թ.։

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության թվականը ստույգ հայտնի չէ, սակայն բանասիրության մեջ ընդունված է պատմվածքի գրելու հավանական տարին համարել 1895 թվականը, թեև այն առաջին անգամ լույս է տեսել 1907 թվականին։ Այդ թվականին գրված լինելու հիմքը Թումանյանի՝ Փիլիպոս Վարդազարյանին հասցեագրած 1908 թ. հունվարի 22–ի նամակն է, որտեղ կարդում ենք, «Լուսաբերն» ու «Գիքորը» («Գիքորը», թե հիշում ես երկրորդ «Հորիզոնի» համար էի գրել) և մի քանի մանր–մունր բաներ մի անգամ ուզեցի ղրկեմ, բայց փոստն էնքան լիքն էին, որ ետ եկա, էն է ինչ մնաց ու մնաց» (V, 308)։ Այս տողերից երևում է, որ Թումանյանը Փ. Վարդազարյանին ցանկացել է փոստով ուղարկել արդեն մեկ տարի առաջ լույս տեսած պատմվածքը, որ գրված է եղել ավելի վաղ՝ իրենց հրատարակած «Հորիզոն» գրական հանդեսի երկրորդ գրքի համար (առաջին գիրքը լույս է տեսել 1894 թվականի նոյեմբերին, իսկ երկրորդը չի հրատարակվել, որով և «Գիքորը» մնացել է անտիպ։

Ն. Թումանյանը նույնպես հաստատում է, որ պատմվածքը Թումանյանը գրել է 1895 թվականին և կարդացել է Շիրվանզադեի մոտ (տե՛ս Ն. Թումանյան, 102)։

Սակայն, եթե, իրոք, Թումանյանը պատմվածքը գրել է այդ թվականին, ապա ոչ մի կասկած, որ 1907 թվականին տպագրելուց առաջ այն հիմնովին ենթարկվել է գեղարվեստական լուրջ վերամշակման և կրում է «Հասուն Թումանյանի» տաղանդի կնիքը։

Առանձին գրքով հրատարակելու նպատակով, 1896 թվականի մայիսի 29–ին Փիլիպոս Վարդազարյանը այն ներկայացնում է գրաքննության։ Մամուլի գործերի՝ Թիֆլիսի կոմիտեի գրանցման մատյանի 26–րդ համարում գրված է. «Григорий, из жизни приказчиков темных рядов Тифлиса. Сочинение Оганеса Туманяна».

Հունիսի 3–ին կոմիտեն թույլատրել է պատմվածքի տպագրությունը, իսկ հունիսի 7–ին ձեռագիրը վերադարձվել է հեղինակին, որի համար նա գրել է իր ստորագրությունը (տե՛ս Ա. Ինճիկյան, 351)։ Ինչպես երևում է՝ պատմվածքը գրաքննության կողմից արգելքի չի հանդիպել, սակայն