Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/753

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույն թվականին լույս չտեսնելու պատճառը, հավանաբար, Փ. Վարդազարյանին ուղղված՝ Արշ. Բարխուդարյանի <1895թ.> հուլիսի 3-ի նամակն Է (ԳԱԹ Թֆ, № 1705), որտեղ նամակագիրը պատմվածքի նյութը մեր գրականության համար նորություն չի համարում և համեմատելով Րաֆֆու «Ոսկի աքաղաղի» ու Շիրվանզադեի «Գործակատարի հիշատակարանից» վիպակների հետ, տեսնում է «բովանդակության նույնություն»։ «Գիքորի» տրագիկական վերջավորությանը, Գիքորի մահը անկարելի ոչինչ չէ ներկայացնում,— գրում է նա,— միայն ինձ թվում է, որ ավելի ռեալական հողի վրա են կանգնած Րաֆֆին ու Շիրվանզադեն, ներկայացնելով այդ կյանքը դժար ու չարքաշ, բայց, այնուամենայնիվ, ոչ այդ աստիճանի տրագիկական... Չեմ հերքում, որ նյութի նույնության, և մեր կյանքի ընդհանուր երևույթների պատճառով Երևանի ու Թիֆլիսի տան ծառայի կյանքի մեջ որոշ ընդհանուր գծեր պետք է լինեն, բայց, բացի ընդհանուր գծերից, Թիֆլիսի կյանքից գրողը պետք է ներկայացնի և տեղական առանձնահատկություններ, որից հետո միայն գրվածը որոշ տեղ է բռնում եղածների շարքում»։ Թերևս, ընկերոջ դիտողությունները, հատկապես, «տեղական առանձնահատկությունները» ներկայացնելու պահանջը հաշվի առնելով և, հավանաբար, ցանկանալով երկն ընդհանրապես վերամշակել, հեղինակը հետաձգել է պատմվածքի տպագրությունը։

1912 թ. տեղի ունեցած մի զրույցի ժամանակ Թումանյանը հաստատել է, որ պատմվածքի հիմքում ընկած է իրական դեպք՝ ազգականներից մեկի երեխայի (Ստեփան անունով) հիվանդանալու և վախճանվելու պատմությունը (տե՛ս Ն. Թումանյան, 102)։

Պատմվածքը գրելիս բանաստեղծը, հավանաբար, վերապրել է իր համանման վիճակը «բազազ աղի» ընտանիքում, որտեղ մասնավոր ուսուցչի պաշտոն է վարել, «Հավլաբարում բազաղ Մուրադյանի երկու անընդունակ երեխաների հետ միառժամանակ հայոց լեզու է պարապել և դժգոհությամբ հեռացել է։ Այդտեղ է, որ զննել է բազազ Արտեմի, նրա կնոջ տիպերը» (Ն. Թումանյան, 12)։

Տակավին անտիպ «Գիքորը» պատմվածքի մասին առաջին դրվատական խոսքը ասել է Ալ. Շիրվանզադեն. «Հիշում եմ այն հաճելի ժամերը, երբ Հովհաննես Թումանյանն իր «Գիքորի» ձեռագիրը բերել էր ինձ մոտ կարդալու։ Մինչ նա իր խուլ ձայնով, զգացված կարդում էր, ես մտածում էի՝ ինչ պիտի ասեմ այդ համակրելի երիտասարդին, եթե գտնեմ, որ նրա այդ առաջին արձակ գրվածքը՝ բանի պետք չէ։ Բարեբախտաբար, երկն այնքան զմայլելի էր, որ ես, խորապես զգացվելով, հարձակվեցի հեղինակի վրա և համբուրեցի նրան» (ԹԺՀ, 399)։

«Գիքորը» պատմվածքի առաջին գբախոսը Ավ. Իսահակյանն էր, որը այն գնահատեց իբրև բացառիկ կատարյալ երևույթ՝ թե՛ կենսական ու հոգեբանական բովանդակությամբ և թե՛ լեզվով ու արտահայտությամբ (Ավ. Իսահակյան, Հովհ. Թումանյանի «Գիքորը», Հր. 1910, № 19, նաև՝ Եժ, V, 1977, 131)։