Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/788

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպագրված հեքիաթը՝ «Цветок Адама» պիտի ունենար «Цветок Эдема» («Եդեմական ծաղիկը») վերնագիրը, քանի որ Ադամը հեքիաթի հերոսի անունն է միայն և նրանով չէ, որ բնորոշվում է հեքիաթի կախարդական ծաղիկը։ Այնուամենայնիվ, հեքիաթն առաջին անգամ «Եդեմական ծաղիկը» վերնագրով լույս ընծայելուց վեց տարի հետո Թումանյանն այն անվանում է «Ծաղիկի հեքիաթը» (Լ V, 1917)[1]։

Ձեռնամուխ լինելով իր այս հեքիաթի գրությանը՝ Թումանյանը նախապես ուսումնասիրել է վրացական, իմերեթական, թալիշական, ռուսական և հայկական , բազմաթիվ հեքիաթներ, արել ծրագրային նշումներ և կազմել հեքիաթի տարբերակների աղբյուրների զանազան ցանկեր (տես ԹԹ, № 1052/9352-9353, 1052/9377, 1052/9388, ԳԱԹ Թֆ, №133 և այլն)։ Ահա դրանցից երկուսը.

«Եդեմական ծաղիկը»

Մոտիվներ

Афанасьев, кн. I, с 173.

Зорька, Вечорка и Полуночка.

Թագավորի գեղեցիկ աղջիկներին դաշտից փոթորիկը թռցնում է։ Տարել է ստորերկրյա աշխարհքը։

Որբևայրու որդիները գնում են գտնելու։ Փոքրը՝ Зорька-ն հաղթում է Карлик-ին, իջնում է ստորերկրյա աշխարհքը, հաղթում է տիրող օձերին, որոնք գալիս են, տղա դառնում (տղաներ են՝ օձի կերպ առած) և բերում աղջիկներին, հետներն ամուսնանում։

Зорька-ն դառնում է թագավոր» (ԹԹ, № 1052/9352–9353)։

«Ծաղիկը»

«Աղբյուրի հարսն», Համով-հոտով, 179,

էմինյան ժող. IV, 20. ՕՁ-մանուկ և Արին-Արմանելին,

Համով-հոտով, 252. Օձեմանուկ, Արևմանուկ. (1052/9377)։

Պահպանվել են «Եդեմական ծաղիկը» հեքիաթի տարբերակներից երկուսի՝ Արծկեի բարբառով գրի առնված հայկական Ժողովրդական «Մեռուկ Մանուկ» և «Մեր ու աղջիկ» հեքիաթների բովանդակության սեղմ շարադրանքները՝ գրի առնված Թումանյանի կողմից (ԳԱԹ Թֆ, № 15)։

ԳԱԹ Թֆ, № 133-ում պահվում է հեքիաթի մշակման սևագիր մի հատված, գրված երկու մեծադիր էջերի ձախ կեսերի վրա, իսկ թղթի աջ կեսերի վրա կան հունական դիցաբանության վերաբերյալ զանազան

  1. Չի հաստատվում այն ենթադրությունը, թե հեքիաթի վերջնական վերնագիրը եղել է «Ծաղիկի հեքիաթը» (տե՛ս Ա. Վարդանյան Հովհաննես Թումանյանի հեքիաթների սևագիր պատառիկները, «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, 1978, № 11, էջ 41—52), քանի որ «Լուսաբերում» տպագրվածը հեքիաթի դասագրքային տարբերակն է, ուստի և՝ ենթարկված անհրաժեշտ փոփոխությունների։