Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտրում էր։ Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը։


Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ՝ բոլոր տանեցիք տխուր են։ Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում, ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում։

Հարսներն ու աղջիկները լուռ, տխուր ներսուդուրս էին անում։ Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխիկոր նստած էին քեռիներս։

― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս։― Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար։ Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․ Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է։ Վեր կաց, բալա ջան։

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին։ Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով։

― Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես։ Մեզ մտիցդ գցես ոչ։ Թե աջողություն ունենաս՝ իմացրու, որ հարեհաս լինենք։ Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա։

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան։ Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ։

Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին։

― Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան,― ձեռքը ճակատին դրած՝ ետևից ձայն էր տալի պապս։

77