Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/802

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1914—1915

ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ

(էջ 327)

Դեռևս 1913 թ, մայիսի 27–ին Կովկասի հայոց հրատարակչական ընկերության խմբագրական մասնաժողովի նիստում, որին, բացի Հովհ. Թումանյանից, մասնակցում էին նաև Գյուտ քահանա Աղանյանը (ընկերության խմբագրական մասնաժողովի նախագահ), Իս. Հարությունյանը, Մ. Ավետիսյանը, Հ. Սուրխաթյանը, Դ. Դեմիրճյանը և ուրիշներ, հարց է բարձրացվում մանկական գրականություն հրատարակելու և գրողների ու հրատարակչական ընկերությունների միջև սերտ կապեր ստեղծելու մասին։

Նույն տարվա հոկտեմբերի 15–ի նիստում Գյուտ քահ. Աղանյանը ծանոթացնում է նիստի մասնակիցներին հրատարակչական ընկերությանն՝ Հովհ. Թումանյանի հետ վարած գրավոր բանակցություններին (ՊԿՊԱ, ֆ 318, ց 1, գ 10, թ 4, 67), իսկ խմբագրական մասնաժողովի նոյեմբերի 11–ի նիստի արձանագրությունից պարզվում է, որ արդեն Թումանյանի հետ բանակցություններ են սկսվել, մասնավորապես Գրիմ եղբայրների հեքիաթների հրատարակության համար (ն. տ., թ 47)։ Նույն ամսի 16–ին հրատարակչական ընկերության նախագահ Արիստակես Զարգարյանին ուղղած նամակում, անդրադառնալով վերոհիշյալ բանակցություններին, Հովհ. Թումանյանը գրում է. «Ես ամբողջը չեմ թարգմանիլ։ Կթարգմանեմ միայն էն հեքիաթները, որ ես հավանում եմ և կամ կարևոր եմ համարում։ Իհարկե, եթե փողի տեսակետից նայեինք, ինձ համար ձեռնտու կլիներ ամբողջը թարգմանել, բայց քեզ պետք է ասեմ, որ ես, առաջինը, ցավում եմ, որ թարգմանությունով եմ զբաղվելու, երկրորդն էլ՝ հո փողով ամեն բան էլ չեմ թարգմանիլ— ինչ որ ուզենան կամ առաջարկեն ինձ» (ԵԺ V, 392)։

Այսպիսով, 1913 թ, նոյեմբերի առաջին կեսին Թումանյանն արդեն սկսել էր գործը և «թարգմանությունների նմուշներն» ուղարկել Ընկերության խմբագրական մասնաժողովին։

1914 թ. փետրվարին Հովհ. Թումանյանը հանձնում է Գրիմներից թարգմանած երեք հեքիաթ, որոնք տրվում են Իս. Հարությունյանին` քննելու և խմբագրական մասնաժողովին զեկուցելու թարգմանությունների լեզվի ու որակի մասին։ Վերջինս մարտի 21–ի նիստում գրական կարծիք է հայտնում թարգմանությունների մասին, շեշտելով, հատկապես, որ դրանք համեմատվել են գերմաներենի մասնագետի կողմից (ՊԿՊԱ, ֆ 318, ց 1, գ 12, թ 15)։

Մայիսի 21–ի նիստի արձանագրությունից պարզվում է, որ այդ օրվա որոշումներից մեկը վերաբերում է Թումանյանի թարգմանություններին։ Ըստ արժանվույն գնահատելով Թումանյանի կատարած աշխատանքը՝ առաջարկվում է առանձնացնել թարգմանված հեքիաթների