Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/803

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

400–ական օրինակ, որպեսզի, «երբ բոլոր պրակները կտպագրվեն, այդ 400 օրինակները մի ժողովածուով լույս ընծայել, կցելով դրան նաև հեղինակի կենսագրությունն ու պատկերը» (ն․ տ., թ 19)։ Վերջին որոշումը, սակայն, չի կատարվել։

Ընկերության խորհրդի մայիսի 28–ի նիստում, զեկուցելով հեքիաթները թարգմանելիս իր կատարած ստեղծագործական աշխատանքի մասին, Թումանյանը հայտնում է, որ «թարգմանության հաջողության ն հայ մանուկներին հասկանալի դարձնելու համար ստիպված է եղել տեղ–տեղ որոշ շեղումներ անել բնագրից» (ն. տ., թ 22)։ Թումանյանը գտնում է «որ կարիք չկա թարգմանել Գրիմի բոլոր հեքիաթները անխտիր, այլ պետք է ընտրել լավագույն հեքիաթները, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Գրիմի բոլոր հեքիաթների սյուժետները մշակված են և հայ ժողովրդի մեջ, և առաջարկում է մի քանիսը այդ հեքիաթներից վերցնել, հրատարակել Գրիմի հեքիաթների փոխարեն» (ն, տ.)։ «Մի քանիսը թարգմանեցի,– գրում է Թումանյանն արդեն 1922–ին,– դեռ նրանց մեջ էլ– մի երկուսի մեջ– որոշ փոփոխություններ արի ու պատճառաբանված տվի իրենց․․․ Կարծում են, թե էն է՝ հենց անունը հեքիաթ է, վերջացավ։ Գրիմի անունն էլ վրեն։ Կարծում են՝ հեշտ բան է հեքիաթ մշակելը։ Գրիմները հազիվ մի քանի հեքիաթ ունեն մշակված։ Մնացածը ժողովրդական հեքիաթներ են, խառնած, աղավաղած ու փչացրած» (ԵԺ V, 471–472)։

1913 թ. մայիսի 28–ին Ընկերության խորհուրդը որոշել է հրատարակության ընդունել Թումանյանի թարգմանած՝ Գրիմի հեքիաթները։

Ի դեպ, այլ նիստում թարգմանիչն առաջարկել է հրատարակել առանձին մատենաշարեր՝ որոնք կամփոփեն տարբեր ժողովուրդների հեքիաթներ։ Սա, ըստ երևույթին, առիթ էր ձեռնարկելու նաև ռուսական, գերմանական, իտալական, իռլանդական և այլ ազգերի ժողովրդական հեքիաթների հրատարակության գործը՝ «Ռուսական հեքիաթներ» և «Օտար հեքիաթներ» ընդհանուր խորագրերով (1916 թ.)։

Գրիմների հեքիաթներից Թումանյանը թարգմանել է ինը՝ «Անտառի տնակը»[1], «Լուսերեսն ու Վարդերեսը», «Սագարած աղջիկը», «Զարմանալի աշուղը», «Գորտը», «Հենզելն ու Գրետելը», «Կարմրիկը», «Մոխրոտը», «Ճերմակ օձը»։ Նա շրջանցել է երկարաբան ու մանվածապատ արկածներով լի հեքիաթները և գերապատվությունը տվել այն գործերին, որոնք ունեն պարզ ու հստակ սյուժետային գիծ, մանկան մեջ արթնացնում են գեղեցիկ զգացումներ, շնչում են իրական կյանքով ու համահնչուն են իր իսկ՝ Թումանյանի գեղարվեստական մտածողությանը։

Շնորհիվ վարպետորեն արված թարգմանությունների՝ գերմանական (ինչպես նաև՝ ընդհանրապես օտար ժողովուրդների) հեքիաթները հարմարեցված են

  1. Այս հեքիաթը թարգմանվել և տպագրվել է մյուսներից ավելի վաղ՝ 1908 թ. (Հսկ 1908, № 2, էջ 61–63, Գրիմի հեքիաթներից ենթավերնագրով)։