Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՐԱԶԸ
1

Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։

Մութը Ձորը բաժանում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։

Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ, առաձգական ձայն՝ «Հավար հե՜յ․․․»։ Այդ գուժավոր ձայնը ձգվելով՝ տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ բինեքում իրարով են անցնում։


2

Թուրք Ղափըչօղլին իր բինեն զարկել, ձվար էր արել Մութը Ձորի մի կողմը։ Այնտեղից խրոխտ ու սպառնալի նայում էր դիմացը վեր եկած հայերին։ Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին։ Դատաստանից փախածները նրա մոտ էին ծածկվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում։

79