Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.

Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․
Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․
Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․
Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․

Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք։ Այնինչ հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ։

— Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր։ Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին, ու ամենքը մի կռան վրա փախան։ Մընին քշեցի, տարա քարափին դեմ արի։ Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց, թե՝ գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում. դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՛ռ հա կտաս․․․

— Ա՛յ տո՜ւր,— բացականչեցին սարվորները։

— Շրըխկալով փռվեց,— վերջացրեց Չատին իր պատմությունը։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛,— քահ-քահ խնդացին սարվորները։


6

Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել։ Մի օր շները հաչեցին․ դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի բինի ներքևից։

— Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա։

— Չոբան Չատնի վրանն եմ ուզում,— ասավ քուրդը։

Բերին չոբան Չատնի վրանը։ Չատին հաց դրեց հյուրի առաջ։ Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ։ Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց․

— Խեր ըլի, ընչի՞ համար էր եկել քիրվան։

— Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ,— խոսեց հյուրը։

— Սպանել են,— պատասխանեց հովիվը։

82