Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ասում են՝ դու ես սպանել։

— Դրուստ է։

— Ես նրա հայրն եմ,— ասավ ծերունին։— Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել․․․ Քանի անգամ ասի՝ ա՛յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից․ ուրիշները քեզ համար չեն աշխատել․․․ ինձ չլսեց։ Երևի էդպես մահը մոտեցել էր,— ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց։

— Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում,— չորս կողմից ձայն տվին սարվորներն, ու իրենք էլ լռեցին։

— Արինը քեզ հալալ,— բացականչեց ծերունին,— միայն մայրը․․․ գիտես էլի, մայր է․․․ չի հանգստանում․․․ Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի։

Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց։

— Դե մնաս բարով, զավակս,— հրաժեշտ տվավ ծերունի քուրդը։

— Գնաս բարով, քիրվա՛։