Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՂՋԵՐՈՒՆ

Մի սեպտեմբերի մեր գյուղացի որսկան Օսեփը ինձ գիշերակաց որսի տարավ Եղնուտի կիրճը։ Գիշերներն էդ կիրճով եղջերուներն իջնում են ձորերն ու հովիտները, արածում են, արշալուսից առաջ ջուր են խմում ու էլ ետ իրենց «պնդոցն» են տալի։

Գնում էինք գիշերը մնանք բոստանչի Օվակիմի դափումը, որ լուսադեմին հասնենք որսատեղը պահելու։

Ես էի, որսկան Օսեփն էր ու մեր գյուղացի մի տղա, որ Օսեփի շալակտարն էր։

Մենք գնում էինք էն դաժան հրճվանքով, որով միայն որսի են գնում։ Ճամփին որսից էինք խոսում։

― Որսը բախտի պես բան է,― ասում էր Օսեփը։― Մին էլ տեսար երևութք էլավ ու քամի դառավ կորավ։ Անսովոր մարդը նրան հեշտ չի նկատիլ. կշփոթվի, կդողդողա, կփախցնի։ Աչքդ առնելուն պես պետք է թվանքդ բացվի. թե չէ, որ ուզեցիր նշան դնես, մինչև աչքդ ճպես, նա սարն անց կեցավ։

― Հապա դուք ինչպե՞ս եք որսի ման գալիս, ուստա Օսեփ։

― Լավ որսկանը ման չի գալ, նա որսը կպահի,― պատմում էր որսկանը։― Գիտի, ո՞ր ժամանակին, ի՞նչ տեղ որսը ժաժ կգա, կգնա էն տեղը կպահի։ Թե ման էլ գա, քիչ, էն էլ էնպես ման կգա, որ որսն իր քամին չառնի, թե չէ՝ որսն էնպես սուր հոտառություն ունի, որ թե քու քամին (հոտը) նրա վրա էլավ՝ պրծար, որտեղ որ է հոտդ առավ կորավ։

84