Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1893

ՍՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՑ

Երբ որ Լոռու ձորերից հայ գյուղացին Ալեքսանդրապոլ յուր կնոջ քաղած հոնով աղ առնելու գնա, հացը պակասած ժամանակ յուր շինած թին կամենա տանել Շորագյալ հացի հետ փոխելու կամ պարտք արած փողով ցորեն, գարի գնելու, պետք է յուր բեռնակիր ձիու հետ անցնի Զամանլվի հովիտը։

Զամանլվի ահագին հովիտը կազմում են հանդիպակաց լեռները, որոնց անտառապատ զառիվայրները երկու կողմից իջնելով, ձորի խորության մեջ հանդիպում են սրընթաց կոհակներին Փամբակա ջրի, որ համանուն սարերից գալով, հովտի երկայնությամբ վազում է դեպի Լոռու ձորերը։

Այս նեղ հովտում, գետեզերքին տեղ-տեղ բացվում են սիզավետ, կանաչ հարթ տարածություններ անտառի մեջ. դրանցից ամենամեծը կոչվում է «Արաղի ճալա»։

Սով էր տարին։ Արաղի ճալեն շրջապատող անտառի բերանից՝ ներքևից դուրս եկավ մի փալանած ձի։ Մարդ մինչև կարողանար մտածել, թե այս մենակ ձին կորած կամ փախած պետք է լինի, դուրս եկավ և տերը՝ գյուղացի Անդրին։ Մի քսան քայլ հեռավորությամբ նա հետևում էր իր ձիուն, որը տանում էր մեծ փալանի մեջ ձգած յուր տիրոջ հին չուխայի մնացորդները և մի դատարկ խուրջին։ Անդրին ինքն էլ, յուր ձիու նման, բավական մաշված մի արարած էր, բայց նույնպես ջղոտ ու դիմացկուն։ Աշխատասեր ու տոկուն ռանչպար մարդ էր նա և, թեև միշտ աղքատ, զվարթ բնավորության տեր ու սրախոս։

7