Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկինքն սկսեց գունատվել ու պարզվել։ Ապա երևաց Եղջերուն՝ Լուսաստղը։ Վերկացավ վաղորդյան զեփյուռը։ Ծաղիկները շարժեցին իրենց գլխիկները, խոտերը դողդողացին, տերևները շրշացին։ Անտառն սկսեց զարթնել։ Մոտակա թփից մի ծիտ ճկաց, մի ուրիշը՝ մյուս թփից, մեկն էլ՝ հեռվից․․․

Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստից ու զմայլած դիտում էի շուրջս՝ բնությունը, էն սրբազան ժամին, երբ ծագում է առաջին լույսը։

Հանկարծ մի ձայն․․․ չորացած ճյուղ կոտրվեց մոտիկ անտառում։ Նայում եմ էն կողմը։ Անտառը տակավին մութն է։ Աչքս չի որոշում, թե ինչ կա էնտեղ, միայն պարզ լսում եմ զգույշ ոտնաձայնը, որ խաշամը կոխելով առաջ է գալի՝ խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ․․․ Բան չի երևում, բայց դարձյալ խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ, մոտենում է ավելի ու ավելի․․․ Եվ, ահա, դուրս եկավ․․․

Ես առաջին անգամն էի տեսնում եղջերուն ազատ բնության մեջ։ Նա դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ, ինչպես բնության էն ամեն գեղեցկությունների տերն ու թագավորը։ Կիսովին, դեռ անտառի մթության մեջ կանգնեց, թուխ դունչը դրավ գետնին, ապա թե գլուխը բարձրացրեց, վայրենի շնորհքով ոլորեց երկայն վիզը ու նայեց իմ կողմը։

Ամենագեղեցիկ հայացքը, որ ես տեսել եմ իմ կյանքում։

Ես շփոթվեցի, ամաչեցի, ուզեցի թաքցնել հրացանս․․․ Շարժվեցի թե չէ՝ նա շտապով ետ թեքեց իր կարապի վիզը․ վիզը ետ թեքելուն պես հարևան դիրքից որոտաց որսկան Օսեփի հրացանը։ Հրացանի ձայնից անտառն որոտաց ու սկսեց ճռճռալ։ Էն եղջերուն էր փախչում։

― Հա՛յ, քո տունը չքանդվի,— ինձ հանդիմանելով դուրս թռավ որսկանն ու վազեց դեպի մոտիկ բլուրը, տեսնի՝ ո՞ր կողմից կերևա փախած որսը։ Առավոտր բացվում էր, և էնքան լուս էր, որ կարողացանք կանանչ խոտերի վրա գտնել թարմ արյան հետքը։

Վիրավորված էր եղջերուն։ Արյան հետքը բռնեցինք ու գնացինք որոնելու։

89