Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Էսքան որ արյուն է տվել, ինչքան ուզում է գնա՝ մերն է,— հայտնեց որսկան Օսեփը։


* * *

Իրիկնապահին նրան գտանք մի խոր անտառում։ Նա ընկած տեղից իր երկայն վիզը մեկնեց մեզ վրա։ Ես տեսա՝ ինչպես չէր կարողանում գլուխը պահի, շարժում էր անդադար ու նայում էր մեզ իր պղտոր, շշկլած, անորոշ հայացքով։ Հանկարծ կարծես գլխի ընկավ, աշխատեց վեր կենա, ծնկները վեր բարձրացրեց ու կրկին ճըղփալով ընկավ իր արյան մեջ՝ մի ծանր, անզոր թառանչով։

Որսկանը վրա վազեց․․․ Ես ուզեցի մի բան ասեմ, ամաչեցի․․․ Նա բռնեց եղջերվի գլուխը, ոլորեց գեղեցիկ վիզը․․․ Ես կրկին ուզեցի մեջ մտնեմ․․․ դարձյալ սիրտ չարի․․․ Եվ ահա դաշույնը փայլատակեց․․․

Ես երեսս շրջեցի, իբրև թե սարերին եմ նայում։ Ետևից մի խուլ տնքոց լսեցի․․․ ու, չգիտեմ ինչու, սկսեցի մտածել կյանքի ու մահվան մասին, և էնպե՜ս տգեղ էր թվում ինձ կյանքը․․․