քարյա, իսկ մեջտեղը մի աղյուս չորս մաս բաժանած գծերով և ամեն մասում մի կնիք և մի տառ (ոչ հայերեն), որոնց նշանակությունը դեռ չէ բացատրված։ Դժբախտաբար չկարողացա ընդօրինակել այդ, որովհետև վերան ցորենի շտեմարան էր շինած։ Գյուղացիները այդ տան տեղին «Թագավորի աղջկա բաղնիս» են անվանում։ Գյուղի շրջակայքում կան շատ հանգստարաններ, որոնցից մի քանիսն արդեն անհետացել են, և տեղերը երկրագործի խոփն է վարում։
Գյուղի մեջ գտնվում են երկու հանգստարաններ՝ հին և նոր։ Հինը, որ բավականին մեծ է, լիքն է խաչարձաններով։ Այդ խաչարձաններից նշանավոր են երկուսը՝ բարձրությամբ մոտ երկու սաժեն։ Նրանցից մեկը խաչարձանն է՝ կանգնած երեք մեծ քարերից կազմած պատվանդանի վերա․ նրա գլուխն ևս, որպես առհասարակ խաչարձաններինը, խոնարհեցրած է, գուցե անձրևից պահպանելու համար, և կոչվում է «ծածկան» (ջոկ քար է)։ Նրա քանդակները շատ նուրբ են։
Խաչարձանի ճակատին (ծածկանի վերա) քանդակած է Փրկիչը՝ նստած դիրքով, աջ ձեռքով բարձրացրած, իսկ ձախ ձեռքին բռնած մագաղաթ՝ վերան գրած՝ «Ես եմ լոյս աշխարհի», շուրջը այլ պատկերներ և ներքև կա խաչած Հիսուսը. խաչի գլխին գրած է «Սա է թագաւոր հրէից», աջ կողմից մի աջ և մի աղավնի, շուրջը՝ «Աջ Տեառն և հոգի Աստուծոյ». ապա խաչյալ Հիսուսի բևեռած մի ձեռքից մինչև մյուսը խաչի վերա՝ «Ձեռք որ զերկինս արարին տարածեցան ի խաչիս». խաչի մի կողմը կանգնած են «Հովհաննես» և «Նիկոդիմոս», մյուս կողմն՝ «Աստվածածին» և «Հովսեփ», ձեռքին «կտավ». խաչի ներքև գլուխն է «Ադամի»։
Պատվանդանի վերա կա հետևյալ արձանագրությունը, որ իսկապես մեր ուշադրության ամենից ավելի արժանի մասն է։
Ի թվ. ՉԼ.
Ողորմութեամբն Աստուծոյ ես Տէրունս որդի Խալըլին իմ աղբէրացովս կանգնեցի զԽէչս յանուն Գրիգորոյ որ զուր և դառն մահուամբ ի Քրիստոս փոխեցաւ որ է պարծանաց և զմարդոյ էղբայր մեր որք երկրպագէք յաղաւթս յիշեցէք», պատվանդանի ձախ երեսին՝ «Վահրամ յիշեցէք»։