Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նույն հանգստարանում հիշյալ արձանից դեպի արևմտա-հյուսիս գտնվում է մի այլ արձան՝ չորսանկյունի և չորս երեսն ևս քանդակած։ Այդ քանդակների նշանակությունը զանազան կերպով են բացատրում գյուղացիները։

Նրա պատվանդանի վերա կա հետևյալ բավական անմիտ արձանագրությունը. «Ես Վահրամ զաւտար շինաբ քաննկ թողի վկայ ապնայն Գագկայ Խորիշահ ով խափանէ յժը հայրապետաց նզովեսցի Տէր Աստուած ողորմի մխիթարչին»։

Գյուղացիները մեր հիշած երկու հուշարձանները համարում են քույր և եղբոր խաչարձաններ։ Առաջինին եղբայր―Լուսավորիչ, երկրորդին քույր―Աստվածածին անվանելով։ Այժմ մենք կաշխատենք գտնել, արդյոք այդ ավանդությունը հիմք ստանո՞ւմ է մեր պատմագրերից ևս։

Առաջինի արձանագրությունից իմացանք, որ զուր ու դառն մահվամբ ի Քրիստոս փոխված մի անձնավորություն է Գրիգոր անունով․ իսկ երկրորդից չիմացանք, թե Գագիկի՞նն է թե՞ Խորիշահինը։ Եթե ենթադրենք՝ ժողովրդի ավանդությունը ճշմարիտ է, և քույր ու եղբայր են դրանք, ուրեմն այս մահարձանն՝ էլ քրոջ համարելով՝ կարող է Խորիշահինը լինել և ոչ Գագիկինը, որովհետև Խորիշահ կնոջ անուն է և ոչ Գագիկ։ Սակայն ովքե՞ր են դրանք։

Մեր կարծիքով, առաջինը պետք է լինի Գրիգոր Մամիկոնյան Մարզպանը՝ որ ապրում էր ԺԲ դարում և Խորիշահը՝ նրա քույրը։ Դսեղ գյուղին մոտերքը գտնվող սուրբ Գրիգոր կոչված մի վանքի արձանագրության մեջ հիշված է «ԹՎ. ՈՂ. Գրիգոր որդի Մարծպանայ…»― «ԹՎ. Ոկզ-Ես Կոստանդ որդի Գրիգոր<ի>, թոռն Համազասպայ…»։ Իսկ մեր պատմիչներից էլ Կիրակոս պատմագիրը, որ ժամանակակից էր Գրիգոր Մամիկոնյանին և Սանահին էր ուսանում վանական վարդապետի մոտ, որ նույնպես մոտ է Դսեղին, Նետողաց ազգի սովորությունները պատմելուց հետո գրում է. «Զայս ամենայն պատմեաց մեզ Գրիգոր Մամիկոնեան…»։ Մի ուրիշ տեղ ևս. «Յետ Համազասպայ եղև Մարզպան Հայոց Գրիգոր Մամիկոնեան ամս տասն զոր սպանեն խազերք…»։ Նույն դարու պատմաբաններից շատերն են հիշում այդ Գրիգորին։

Իսկ երկրորդը՝ Աստվածածինը, պետք է լինի սրա քույրը՝

10