Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1899

ՄԵՐ ԳՐԱԿԱՆ ՎԱՐՔ ՈՒ ԲԱՐՔԻՑ

Մեր լրագիրները փեշակ են շինել հալածել ու հայհոյել գրականությունն ու գրողներին, իհարկե, միշտ քննադատության անունով, գրականության վրա սրտացավ հսկողի հավակնությամբ, միշտ անաչառություն աղաղակելով։ Շատ հետաքրքրական բան դուրս կգար, եթե մի ձեռնհաս մարդ քններ այս տխուր երևույթը, ցույց տար, թե ինչ շարժառիթներից է առաջ եկել, ինչպես է արտահայտվել կամ ինչ միտք է ունեցել այս թշնամական վերաբերմունքը, որ միշտ անցել է հասարակ մարդավարության և տանելի դատողության սահմաններից։

Այդ կողմից միշտ է աչքի ընկել Մշակ լրագիրը, բայց վերջերս Նոր-Դարը ճգնում է անպատճառ նրանից էլ խիստ ու խելոք երևալ։ Գրականության մասին խորհրդածություններ է անում, հարցեր է տալիս ու իրան իրան պատասխանում։ Իհարկե, շատ անմխիթար պատասխաններ, հուսահատական եզրակացություններ, նախատինքներ ու խրատներ, մեկը մյուսից ավելի անհեթեթ ու անճոռնի։ Վերցնենք հենց վերջին առաջնորդողները, որոնց մեջ լրագիրը խոսում է գրողների ու գրականության մասին։

№ 39–ի առաջնորդողում, որ կրում է Կանոնավոր կրթությունն է պակասում վերնագիրը, լրագիրն ասում է. «Մեր մեծ համարված, բայց իսկապես շատ փոքրիկ տաղանդի տեր բանաստեղծները, դրամատուրգները (դրամատուրգնե՛րը), վիպասանները իրենց փառքը որոնել են հայի մեջ միմիայն պակասություններ տեսնելով, նրա հոռի ու տգեղ կողմերը մեծացնելով ու աշխարհքի առաջ ծաղրի առարկա շինելով հային և հայի անունը»։ «Իրանց այս ընթացքով նրանք