Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Խորիշահը, որպես հիշած է սուրբ Գրիգորի արձանագրության մեջ «Ամքլեա դայեակ Խորիշահի դստեր Մարզպանայ…». իսկ մենք գիտենք, որ վերոհիշյալ Գրիգորն ևս Մարզպանի որդին էր։ Կիրակոս պատմագիրը գրում է… «զոր Քուրդ անուանէին հայ ազգաւ կրօնիւք քրիստոնեայ և որդիք իւր Վաչե և Հասան և կին նորա Խորիշահ յազգէ Մամիկոնէից դուստր Մարզպանայ քոյր Ասլան-Պէկին և Գրիգորոյ…»։

Մենք կարծում ենք, որ հուշարձանների և ս. Գրիգորի անունով վանքի արձանագիրները և Կիրակոս պատմիչի խոսքերը բավական հաստատություններ են, որ այդ գերեզմանները Մամիկոնյան Գրիգորինն և նրա քույր Խորիշահինն են։ Սակայն լսենք, թե ժողովուրդը ինչ ձևով է պատմում այդ ավանդությունը։ Մամիկոնյանները ԺԱ և ԺԲ դարերում գոյություն ունեին Դսեղ գյուղում և այնտեղ իրենց համար կալվածներ ունեին, որպես հիշված է արձանագրությունների մեջ, որոնցից հայտնի են Ասլանբէկ և Գրիգոր՝ որդիք Մարծպանայ. Համլիկ՝ որդի Սմբատայ, Մարծպան՝ որդի Սարգսի, Սարգիս՝ որդի Սմբատայ, որդւոյ Համազասպայ-Մարծպանայ, Կոստանդ՝ որդի Գրիգորի, թոռն Համազասպայ, Համազասպ Մամիկոնեան. Վասակ՝ որդի Սմբատայ։

Բայց ահա և ավանդությունը։

Մի ժամանակ, երբ Հայոց թագավորությունը արդեն վերջացել էր, ամեն մարդ ինքն յուր գլխի տեր և թագավոր էր համարում։ Ահա այս Լուսավորիչն էլ այն ժամանակ յուր համար զորք ու տերություն «սարքած» ժողովուրդը խաղաղ կառավարում էր ու «թշնամու աչքը հանում»։ «Անօրենները», որպես իրենց սովորությունն էր, հավաքվել էին իրանց երկրիցը, «չու քաշել», ուրիշ աշխարհներ էին քանդում ավարառության ու սպանության համար։

Այս Լուսավորիչը (Գրիգորը), որ մի խելոք, արթուն ու քաջ մարդ է եղել, պահապաններ է կարգել սահմաններումն ու Դդի*)[1] գլխին մարդիկ է դրել, որ եթե մի անսովոր շարժում տեսնեն՝ զանգահարեն, իմաց անեն իշխանին։ «Անօրենները»

  1. Դիդ երևի դետ, դիտել բառիցն է հորինված։ Այդպես կոչվում է Դսեղ գյուղի մոտ գտնված մի փոքրիկ բլուր։