Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1902

ԳՐՈՂԻ ԲՈՂՈՔԸ

(Նամակ խմբագրության)

Պ<արոն> Գ. Մելիք-Կարագյոզյանն իր «Իմ պատասխանը Մշակի խմբագրությանը» վերնագրով հոդվածում (Տարազ, № 8) ի միջի այլոց «Մշակի» խմբագրությանն ասում է․ «Դուք չե՞ք, որ խեղդել եք ամեն մի նոր (և թե հին) գրական ուժ, եթե այդ ուժը հանդգնում Է չհավատալ, որ «Մշակն» է որ կա. դուք չե՞ք, որ տիրելով մամուլին, ոչնչացրել եք քննադատություն, նոր միտք և գրագետների մի ամբողջ սերունդ։

Եթե ձեզ թվում են մեր գանգատները անտեղի, ցույց տվեք գրական ուժեր, որ երևան է հանել «Մշակը» (Ահարոնյանը գուցե միակ)…»։

Ես բողոքում եմ պ. Մելիք-Կարագյոզյանի այս խոսքերի դեմ։ «Գազեթը» երբեք չի կարող գրողների սերունդ ոչնչացնել, ինչպես և չի կարող առաջացնել։ Գրողն ու գրականությունն այնպիսի չնչին երևույթներ չեն, որոնց վրա լրագիրն ունենա ճակատագրական ազդեցություն։

Մի ժամանակ մեր մեջ այդպես էին կարծում։ Մեր խմբագիրներն էլ հրապարակավ պնդում էին, թե իրանք են ստեղծել այս կամ այն գրողին, ինչո՞ւ — որովհետև աշխատակցել է իրանց։ Գրողներին նրանք համարում էին իրանց զինվորներ — իրանց պստլիկ դրոշակի տակ, և եթե մի գրող հեռանար նրանց թերթից, համարվում էր րենեգատ, դավաճան, փախստական, ենթարկվում էր անվերջ հալածանքի ու հայհոյանքի։

Անվերադառնալի անցան այդ ժամանակները։ Գրողին