Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ բերող ու խեղդող հանգամանքների մեջ «գազեթը» մի շատ ողորմելի բան է։ Իսկական գրողն արհամարհանքով կանցնի դրանք մոտից, և ի՞նչ ունի դրանց հետ։

Սխալ է, զուր պատիվ է, որ անում է պ․ Մելիք-Կարագյոզյանը «Մշակին» հավատացնելով, որ նա խեղդել է կամ առաջ է բերել գրողներ։ Եթե նա խեղդելու ուժ ունենար, մեզանում գրողներ չէին լինիլ, իսկ եթե առաջ բերելու կարողություն ունենար—մեր գրողները բոլորովին ուրիշ մարդիկ կլինեին, մարդիկ, որոնց անունները իրանք էլ են մոռացել։

Ինչ վերաբերում է պ. Ահարոնյանին, ես չգիտեմ նրա գրական ծննդաբանությունը, բայց դարձյալ նույն օրենքով ես նրան էլ չեմ համարում «Մշակի» ծնունդ։

ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐԻ

1862 թվի գարնանը մի օր «Կռունկի» խմբագիր Մ. Աղաբեգյանի մոտ մտավ իր գրաշարներից մինը– մի 20–22 տարեկան գեղեցկադեմ բարձրահասակ տղա, «Մեղու Հայաստանի» լրագրի № 17 ձեռքին։ Այդ №–ում նա տպել էր իր ոտանավորը, ուզում էր խմբագրի կարծիքն իմանալ։

Խմբագիրն առավ թերթը։

Հարկավոր է օգնել չքավորներին

Անուշիկ գարնան զվարթ օրերում գրավում են պատանու սիրտը ծաղկազարդ վայրեր, միտն են ընկնում էնտեղի եղբայրքը և գնում է…

Բարձրանում է մի բարձր բլուր, նայում է չորս կողմը–ծաղկած դաշտեր, շենք, շինության, առուք, վտակք–ցնծությամբ լցված իջնում է ստորոտ։


«Էսքան բարության վայելողների
Տեսությանն է միայն փափագում»։


Եվ ահա հայտնվում է մի ծերունի, գավազանը ձեռքին, գլխակոր, շորերը մաշված, պատանին դիմում է սրան.