կազմեին, վարժապետ չկար—վարժապետություն անեին…
Ահա այսպիսի մի ժամանակ երևաց Ղ. Աղայանը։ Եվ այդ շրջանում, այս սերունդի մեջ նա բռնում է մի շատ պատվավոր և առանձին տեղ։ Նա նման չի մեր գրողներից ոչ մեկին։ Նա ամեն մի ճյուղի մեջ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ ու տաղանդ և երբեք չի եղել երկրորդը։
Նրա «Երկու քույրը» մեր վիպական գրականության մեջ մինչև օրս նշանավոր գրվածք է, ինչպես «Տորք Անգեղը» մեր սակավաթիվ պոեմների շարքում, «Մանի՛ր, մանի՛ր» և նմանները մեր ժողովրդական բանաստեղծության մեջ։ Բայց ո՞վ է մրցել նրա հետ, երբ նա «Անահիտ» և «Արեգնազան» է պատմել կամ «Գյուլնազ տատի հեքիաթը» և զրույց է արել երեխաների հետ կախարդական աշխարհներից։ Ո՞վ է կարող մեր աշխարհքում շոշափել հայոց լեզվի և ուղղագրության խնդիրն առանց առաջ հիշելու Ղ. Աղայանի անունը, և, վերջապես, մեր նոր սերունդից ո՞վ կա ամբողջ ռուսահայքում, որ հայերեն լինի սովորած առանց Աղայանի դասագրքերի… Քառասուն տարի՜… Ասելը հեշտ է։
Հայոց մամուլը երբեք չի զբաղվել նրա գրական գործերով—քառասո՜ւն տարի…
Այսօր գրական հաղթանակի և փառավոր հիշողությունների օրն է։ Քառասուն տարվա հիշողություններ, որ զարդարում են Ղ. Աղայանի անունը:
Ես էլ, որպես նրա մոտիկներից մինը, ունեմ շատ ու շատ հիշողություններ նրա կյանքից, և հատկապես նրա կյանքի այն ծանր շրջանից, երբ որ նա Լիր թագավորի նման իր օրերի դեմ կարող էր որոտալ ամոթ ձեզ, որ վեր եք կացել այսքան ծեր ու սպիտակ մի գլխի դեմ։
Բայց այդ հիշողություններն այժմ թողնելով, այսօր սիրելի