Բայց, հանկարծ, ո՛վ հրաշք, ծաղիկը սենյակի մի լուռ անկյունում ուրախ, անհոգ սրտով դարձյալ ծաղկում է և բուրում «անցածը իսպառ մոռանալով»։ Եվ սրան բանաստեղծը անվանում է «անգութ բախտին հնազանդվել»։ Ստիպված ենք հայտնելու պ. Մոճոռյանին, որ քաղած հափրուկը, եթե յուր անգութ բախտին հնազանդվեր, պիտի չորանար, ոչ թե չորաննալուց հետո դարձյալ ծաղկեր և բուրեր...
Երրորդ ոտանավորում պ. Մոճոռյանը պատմում է, որ «Լայն ու ազատ կամարում հուսո վերջին նշույլով մի փոքրիկ վարդագույն ամպ է տեսել սիպտակ թևերով, չար հողմերի ճանկերում դանդաղ լողալիս, որի սիրտը, սակայն, շտապում է...»։
Բնությունը շատ հրաշալի պատկերներ է ստեղծում, բայց բնությանը ծանոթ մարդը լայն ու ազատ կամարում այսպիսի հրաշք չի լինիլ տեսած։ Ամպը վարդի գույն է ընդունում արշալուսի կամ վերջալուսի շողերից և բոլորովին կարմրում է կամ միայն եզերքն են կարմրում, բայց երբեք չի պատահիլ, որ ամպի մեջը կարմրեր, իսկ եզերքը սիպտակ մնային, այն էլ մի փոքրիկ ամպի։ Փոքրիկ ամպի «հուսո վերջին նշույլը» և «շտապող սիրտն» էլ բնության գաղտնիքներ են, որ Ոլիմպոսի այս սիրելիին են միայն ըմբռնելի։
Այսպես, կարգով կարելի էր գնալ մինչև այն ցանկալի, խորհրդավոր բառը, որ կոչվում է «վերջ», բայց բանաստեղծը մեզ կանգնեցնում է յուր գերեզմանի վրա։ Երես 39 («Գերեզմանիս վերա, նվեր օր. Հ. Մ.-ին»)։ Այստեղ իմանում ենք, որ բանաստեղծը մեռած է եղել (և այս երազ չէ), օրիրորդը նրա վրա վերջին անգամ մի բուռն սև հող է ձգել լալով, բայց նա յուր քաղած հափրուկի նման կրկին հարություն է առել։
Մի անգամ, երկնքում աստղեր չտեսնելով, պ. Մոճոռյանը բացականչում է.
Գոռոզ աստված մի ձեզ հանգցրեց
Նախանձելով ձեր ազատ փառքին,
Թե՞ անողոք մի բռնակալ ձեզ վանեց
Դեպի մութ վայրեր, լայն Տարտարոսին... (երես 18)։