Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի ուրիշ անգամ տեսնելով, որ մի աստղ թռավ, նա հարցնում է.

Ասեք, աստղեր.. ազատ, շա՞տ փայլեր
Նրա լույսիցը ժայթքեցին… (երես 51)։


Այս բոլորի համար պ. Մոճոռյանը մեզ պատասխանում է․

Դատարկ է սիրտս և ամայացա՜ծ…
Ա՜խ, ե՞րբ ես տեսել մի չորցած ծաղկի
Բուրել ու բացվել գարնան ցողերով (երես 44)։


Եվ այս խոստավանելով հանդերձ դարձյալ ստիպում է մեզ յուր դատարկ ու ամայի սրտում բանաստեղծի խանդ ու տաղանդ որոնել, չորցած ծաղկից բուրմունք ընդունել…

Պր. Մոճոռյանը ոչ թե զուրկ է թեկուզ փոքրիկ բանաստեղծի երևակայությունից ու շնորհքից, այլև հասարակ հիշողություն անգամ չունի։ Նա առաջին տողում ասածը մոռանում է մյուս տողում և այդպիսով հառաջանում են խայտառակ հակասություններ, որոնք այնքան շատ են և աչքի ընկնող, որ մարդ ամեն մի ոտանավոր կարդալուց հետո, ակամայից հիշում է մի ուրիշ այսպիսի բանաստեղծի նշանավոր դարձած տողերը.

Կապույտ երկնքում աստղեր են փայլում,
Կարկուտ ու կայծակ գլխիս են թափվում։


Ինքնաստեղծ այլանդակ բառեր ու նախադասություններ որքան կամենաք․ մոլեգնային վշտեր, անշուք սիրտ, չար ճակատագրի անողոք բախտ, որոտ հրաման, և այլն և այլն։

Հանգերի ու վանկերի մեծ անհամաձայնության մասին էլ չենք խոսում,

Պր. Մոճոռյանը նմանություններ էլ ունի. (Վտակ, Ամպ, Տվեք ինձ մի քաղցր քուն, Եթե սիրտս ոչ մի տեղում, և այլն)։ Այս անհիշատակ նմանություններն էլ այնքան են հաջող, որ ինձ հիշեցնում են մի ուրիշ բան։ Մեր գյուղացի քարտաշին