ասում են, էնպես էլ կարծում են և թյուրիմացության մեջ են։ Մանավանդ հաճախ պարզ տեսնում եք, որ, հիրավի, վատ մարդ չի իսկի։
Իհարկե գոյություն ունին տարաձայնության և՜ իրական պատճառներ, բայց երբ մոտիկ ծանոթանում եք գործերին ու հանգամանքների խորն եք նայում, ափաշկարա տեսնում եք, որ դժբախտության գլխավոր պատճառը թյուրիմացությունն է, իրար չճանաչելն ու իրար չհասկանալն է։
Թյուրիմացությունը, անգիտությունը, անծանոթությունը մի մութը դրություն է, իսկ ամեն չար բան մութիցն է ծնում։ Մթության մեջ կասկածում ենք ամեն շարժումից, վախենում ենք իրարից, մեր վախը իրար հաղորդելով վախով վարակում ենք ավելի մեծ բազմություններ, դարձնում ենք մի ահռելի երևույթ, մի հիվանդոտ դրություն, ուր ամենափոքր առիթից սուտ ու սխալ ծնունդ են առնում հրեշավոր առասպելներ ու հեշտ էլ դառնում են իրար թշնամի ամբողջ ժողովուրդներ։ Այնուհետև կուրանում ենք իրար լավ կողմերը տեսնելու, խլանում ենք առողջ, բարի խոսքի հանդեպ, դառնում ենք հակամետ ամեն չար բանի հավատալու, հետևելու, և էդ տեսակ ժամանակները դուրս եկող ամեն մի սրիկա կարող է խաղալ ժողովուրդների ճակատագրի հետ։
Նորանցյալ թուրք-հայկական ընդհարումները հոյակապ դաս ու օրինակ են մասսայական էս հիվանդ հոգեբանության։ Երկար տարիների խեթ֊խեթ հայացքները, ցեղական շահերի անունով բորբոքվող պայքարները, թշնամական երգերն ու կասկածելի փսփսոցները մարդկանց, ժողովուրդների հոգու մեջ ամբարվում են ժամանակի ընթացքում մի սև օր պայթելու՝ զարմացնելով բոլոր միամիտներին, թե էս ի՞նչպես եղավ և ո՞րտեղից էր։
Եվ ինչպես երեխաները՝ ինչ էլ որ անեն, սիրում են մեղքը գցել ուրիշի վրա ու իրենց արդարացնել, որովհետև ինքնաքննադատության ուժն ու ճշմարտությունն ասելու գիտակցությունը չունին, էնպես էլ ամբոխներն ու ամբոխամիտ մարդիկ գտնում են մի շեյթան… Ա՜, շեյթանն էր, թե չէ ի՞նչպես կարելի էր, որ իրենցից էդպես բան դուրս գար…