Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խաբում են իրենց, հանգստացնում են իրենց վրդովված խղճմտանքը ու գնում են դեպի նոր ընդհարումներ։

Ինչո՞ւ։

Որովհետև գնում են նույն հին ճանապարհով, նույն հին ձևի պայքարներով, նույն հին երգերով թե դումայի մեջ, թե մամուլի էջերում, թե զեմստվոյի շուրջը, թե ուսանողական շրջանում… միշտ ատելություն բորբոքելով ու հետզհետե գրավելով ավելի մեծ բազմություններ ու ավելի մեծ տարածություններ։ Եվ զարհուրելի է, երբ մտածում ես, որ մեծ մասով էդ բոլորն առաջանում են իրար լավ չճանաչելուց, իրար չհասկանալուց, թյուրիմացությունից։

Ո՛վ թյուրիմացության դժոխային մութը, որի մեջ մարդիկ միշտ իրար աչքի հրեշներ են երևում, որի խավարչտին արգանդում լուռ, թաքուն հղանում ու հասունանում են աղետները…

Միտս եկան դարձյալ թուրք-հայկական ընդհարումները և մի երջանիկ դեպք։

Էդ ժամանակ լոռեցիները մի ընդհանուր որոշում էին արել՝ ինչ ուզում է լինի, իրենց շրջանում պահպանել խաղաղությունը։ Եվ որովհետև տեղի թե վարչական, թե զինվորական մարդիկ էլ շատ սիրով վերաբերվեցին ու ամեն կերպ նպաստեցին, հնարավոր եղավ վերականգնել խանգարված խաղաղությունը և ստեղծել մի եղբայրական կապ հարևան ժողովուրդների մեջ։ Մոտեցան, բացվեցին, և մի օր էլ, երբ հավաքված էին մի տեղ զանազան ազգության մարդիկ ու սրտաբաց խոսում էին իրար հետ, վեր կացավ մի պատկառելի ռուս մարդ ու էսպես խոսեց.

— Պարոննե՛ր, հայեր ու թուրքեր, էսօր, երբ ամեն բան պարզ է ամենքիս համար, ես ներողություն եմ խնդրում ձեզանից էն կասկածի համար, որ տարել եմ թե մեկիդ և թե մյուսիդ վրա, ենթադրելով, թե ձեր մեջ մի բան կա Ռուսաստանի դեմ… Թուրքերն էլ հայտնեցին, թե ընդհակառակը, իրենք էին կարծում, թե ռուսները միացած էին հայերի հետ ու նրանց օգնում էին իրենց― մահմեդականների դեմ։ Իսկ հայերը պատմեցին, թե իրենք կասկածում էին, որ ռուսների համակրությունը թուրքերի հետ է իրենց դեմ։