Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապա թե դուրս եկավ, որ հույն գյուղերն էլ վախեցել էին, թե իրենց դեմ մի բան կա…

Պարզվեց, որ ամենքն էլ թյուրիմացության մեջ են եղել, թշնամական զգացմունքներով դեպի իրար, և ինչ ասեք, որ չէր ծագիլ սրանից, և ի՜նչ հեշտությամբ։

Էս ամենը մի՞թե բան չսովորեցրին մեզ։ Մի՞թե դեռ ժամանակը չի, որ իրար մոտենանք, ճանաչենք, ներենք, սիրենք։

Մեզ չի ճանաչում ռուսը, բայց մի՞թե մենք ճանաչում ենք նրան։ Մեզ չեն ճանաչում մեր հարևանները, բայց մի՞թե մենք նրանց ավելի ենք ճանաչում։

Մի՞թե մենք լավ ենք ծանոթ ռուս մարդու սրտի բարությանն ու պարզությանը, վրացու հոգու անկեղծությանը, թուրքի ասպետականությանը։ Ահա թե որ կողմից պետք է մոտենալ ժողովուրդներին, անկեղծ ու բաց սրտով։ Եվ երբ էսպես կմոտենանք նրանց թեկուզ հասարակ մարդուն, ավելի շատ բան կգտնենք հարգելու, սիրելու, քան երբ նախապաշարված մոտենում ենք նրանց մեծ մարդկանց։ Հարկավ նրանք էլ մեր վերաբերությամբ։ Ինչ որ լավ բան է լինելու, լինելու է սիրով, իսկ սրով―երբե՛ք։

Էս տեսակետից պետք է սրտալի ողջունել Մոսկվայում կայացած էն Միությունը, որ իրեն նպատակ է դրել ազգերի մերձեցումը խաղաղ կուլտուրական հողի վրա, պետք է արձագանք տալ, ծավալել ու ճյուղավորել ամեն տեղ, ուր սիրում են ժողովուրդների համերաշխությունն ու խաղաղությունը։

ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ

Մեր մեջ հոբելյանները համաճարակի կերպարանք են առնում։ Հոբելյան են տոնում ու հոբելյանի են պատրաստվում ամենքը թե՛ արժանավոր, թե՛ անարժան ու միշտ էլ հրավիրում են ազգի ընդհանրությունը—մասնակցելու։ Տարեցտարի բազմանում են էդ «համազգային» տոները և