վրա, կռիվ տուր խայթայեցիների (չինացիների) հետ։ Եթե աստված կտա՝ կհաղթես, հրճվանքով եկ ինձ մոտ»։
Նույնը պատահում է մեր Սասունցի Դավթի հետ։ Խանդութ Խանումն էլ ոչ միայն չի պատասխանում մեր ջահեը հսկայի խանդավառ սիրուն, այլև, համբույրի պատճառով էնպես մի ապտակ է շրխկացնում, որ քթից մի կաթիլ արյուն է կաթում։ «Ի՜նչ, ասում է, Խոյի, Շըբըգանի, Խորասանի ու Լոռվա փահլեվանների գլո՞ւխն ես բերել ինձ համար, որ համբուրում ես ինձ»։ Հրամայում է, որ գնա նրանց գլուխը բերի։
«Չունքի հըմալ է, լուսուն ես կերթամ զընոնց գլուխ կը բերեմ քզի», ասում է հսկան։
Ադաթը, կամ ավելի ճիշտ բնության կարգը, էսպես է եղել։ Սիրահարը իր սիրածի ճորտը, գերին, հպատակն է, միշտ պատրաստ նրա քմահաճույքները կատարելու, թեկուզ կրակի մեջ ուղարկի, և պետք է ունենա ամեն բարձր հատկությունները ազնվականի, ասպետի, քաջի, որ մի բառով վրացերենի մեջ ասվում է՝ ղմա։
Ահա էս ղմա և նույնիմաստ ճաբուկի բառերի ծննդաբանության ու պատմության վրա երկար կանգ է առնում պ․ Մառը։ Հիշատակելով, որ նրա սովորական միտքը եղել է ստրուկ, ճորտ, որ, ինչպես պ. Ջավախովն է ասում, հնագույն շրջաններում Վրաստանում նշանակում է՝ մանուկ, պատանի, նկատում է, որ էդ մտքով նա տակավին XII դարում մնում է Ամիրան Դարեջանյանի հերոսական վիպասանության մեջ, ապա անցնելով Շոթա Ռուսթավելուն ու նրանից վկայություններ առնելով, որ նա էլ, Խորազմշահի որդու մասին խոսելիս, գործ է ածել պատանու իմաստով, այսուամենայնիվ կարծիք է հայտնում, թե ազնվական կնշանակի։
Որոշ ժամանակից, XI դարից, գուցե և առաջ (Ջավախով), վրացական հիշատակարաններում գործ է ածվում արևմտյան «վասալի» հոմանիշ մտքով, բայց հաճախ առնում է և անկախ ասպետի, ազատ ազնվականի իմաստը։ Վերջապես Շոթան ղմա ածականով է մեծարում իր հերոսներին ու նույնիսկ Ֆրեյդուն թագավորին։