Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վնաս է համարել իր փառքին և միշտ ճգնել է կռվել ամենքի դեմ, հայհոյել, ծաղրել, խանգարել, խեղդել։

Մենք այժմ չենք ուզում խոսել այն մասին, թե ո՛րտեղից է հոգու այդ դաժանությունը, այդ չկամությունը, այլ կարոտով միայն մի բան կկամենայինք, որ փոխվեին մեր բարքերը վերջապես, որ վերանար այդ ավերիչ վերաբերմունքը, այդ գարշելի, բարբարոսական ադաթը մեր մամուլի միջից, տեղի տալով անաչառ, վայելուչ քննադատությանը, լայն ու պայծառ հայացքին և ազնիվ, բարյացակամ վերաբերմունքին դեպի մեր մարդիկն ու մեր հաստատությունները և, փոխանակ սպանելու, քանդելու, ջլատելու, աշխատեինք ուժ տալ ու կենդանացնել։

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Եվրոպական և ռուսական թերթերի էջերը մեծ մասամբ բռնված են քաղաքական հարցերով։ Ինչո՞ւ. որովհետև այդ ժողովուրդները ապրում են քաղաքական մեծ պայքարներով, երկիրներ ու ազգեր տիրելու և կառավարելու ծրագիրներ ունեն, առևտուրի մեծ շուկաներ ու ազդեցությունների ասպարեզներ ձեռք բերելու խնդիրներ ունեն, միլիարդներով փոխառություն անելու, դաշնակցություններ կապելու հոգսեր ունեն, խաղում են իրենց ահռելի ուժերով, աշխարհքներ ու ազգեր են շարժում և արթուն ուշի՛ ուշով հետևում են ամեն մեկը մյուսի կամ ամբողջ աշխարհքի քաղաքական կյանքի ընթացքին, մանրամասն հաշվի են առնում դիմացինի այս կամ այն շարժումը, նավերի թիվն ու զորաբանակը, աշխատում են գուշակել մեկը մյուսի տեսակցությունն ու խոսակցությունը, զբաղվում են դրանով, խորհրդածություններ են անում, և այդ պատճառով իրենց թերթերն ու հոդվածներն էլ նվիրում են դրանց։

Այս ամենը շատ է պարզ ու շատ է հասկանալի։ Բայց մի բան, որ շատ է անհասկանալի ու անհեթեթ, այն է, որ մեր մամուլն էլ, մենք էլ ամենայն եռանդով միշտ հետևել ենք և հայ ընթերցողների հետ զրույց ենք արել, հաշիվ ենք