Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսել քաղաքական այդ բոլոր դեպքերի ու դեմքերի մասին, շարունակ առաջնորդողներ ենք նվիրել մեկի ու մյուսի քաղաքականությանը, խորհրդածություններ արել, եզրակացություններ հանել, սխալներ գտել, և, թող զարմանալի չթվա, նույնիսկ զգուշացրել ու սպառնալիքներ արել։

Եվ այս սովորությունը, այս ադաթը այնպես է արմատացել մեր մեջ, այնպես է տիրել մեր ուղեղին, որ, շատ է հավանական՝ շատերի զարմանքն են հարուցանելու մեր տողերը, թե՝ հապա ի՞նչ կերպ կարող է լինել։ Կասեն՝ մենք կուլտուրական ժողովուրդ ենք, մենք մամուլ ունենք, ինչպես չհետևենք լուսավոր ազգերի քաղաքական կյանքին։ Բայց երբ այդ կուլտուրական ժողովրդի մամուլի ներկայացուցչին, բարերարին ու գյուղատնտեսին դուրս են անում հայ գյուղից, նոր են խոստովանում, թե չեն ճանաչել հայ գյուղացուն ու հայ գյուղը, մի խոստովանություն, որ նորերս արին «Մշակում», կամ թե չէ, այդ քաղաքակիրթ բազմությունը, որ քանի-քանի անգամ տեսել է եվրոպական ազգերի կուլտուրական ու քաղաքական գործերի հաշիվը, նոր է իմանում, որ իր թեմական դպրոցներում աշխարհաբար հայերեն լեզու չկա, և հալածված է եղել իր գրականությունը նրանց մեջ, ինչպես վերջերս բացվեց «Հորիզոնի» էջերում։

Իսկ եթե մենք պետք է զբաղվեինք քաղաքականությամբ, այդ ամենից առաջ այն էր լինելու, որ մի ճշմարիտ հայացք լինեինք ստեղծած, մի պարզ վերաբերմունք լինեինք մշակած դեպի այն պետությունները, որոնց ձեռքի տակ գտնվում ենք։ Մի գիտակցական, մտածված վերաբերմունք, որ գոյություն չունի ամենևին, և միշտ առաջնորդվում ենք քամու հոսանքներով, նախապաշարումներով ու թյուրիմացություններով, ամեն անգամ էլ դառնությամբ հաշվելով մեր կոպիտ սխալներն ու կորուստները, ամեն անգամ էլ ամեն մեկս ետին թվով հանդիսանալով խելոք ու հեռատես, երբ եղածն անցել է անդառնալի։ Եվ ո՞րտեղից պետք է լինի այդ գիտակցությունն ու մտածված վերաբերմունքը, քանի որ միանգամայն տգետ ենք մեր նույնիսկ մոտիկ անցյալին և այսօրվա անցած դարձածին։