էլ իրենց գլուխները կորցնում են ծանր կարիքի այն սև ճակատագրի տակ, որը չի խնայում ոչ մի տաղանդի։ Միաժամանակ հրապարակ է գալիս սրանցից ոմանց սոսկ ապրուստի, շատ համեստ ապրուստի խնդիրը։ Արդ, եթե տակավին չկա այն հասարակությունը, որը գրականություններ ու գրողներ է ապահովում, մի՞թե չկան մեզանում գրականությունը սիրող ու հասկացող այնպիսի անհատներ, որոնք սիրեին և այս տեսակ մարդկանց կյանքն ու գործը։
Անշուշտ կան, և շատ բան է պարտական նրանց հայոց գրականությունը։ Ահա այդպիսի մարդկանց ուշադրությունն ենք հրավիրում մեր տաղանդավոր սկսնակների վրա։ Թող սրանք էլ լինեին ուրիշ շատ որդեգիրների թվում, որ սրանց գեղեցիկ ճանապարհն ու թանկ հաջողությունը ապահովվեին ջահել օրերից։ Այս տեսակի լավությունը արված կլինի ոչ թե մի անհատի, այլև մի ամբողջ ժողովրդի, ո՞վ գիտի, գուցե և ավելին, որով և հասարակական տեսակետից բարերարությունն էլ կդառնա ավելի մեծ ու իմաստալի։
Թիֆլիսի առաջին արական գիմնազիայի 5-րդ դասատան մի աշակերտ դաշույնով սպանել է իր ուսուցչին։ Ինչո՞ւ․ որովհետև, ինչպես ինքն է առարկել ոստիկանատանը, ուսուցիչը 2 է դրել, որ կարող էր նրան դասարանում թողնել։ Բայց այդ ինչուն թող ոստիկանությունը հարցնի, իսկ մենք ասում ենք, ինչ ուզում է լինի դրդապատճառը, չի կարող արդարացնել մարդասպանությունը, չի կարող գոհացում տալ մարդկային խղճմտանքի բողոքին և մենք ամենից առաջ դատապարտում ենք անպայման, որովհետև կատարվել է մարդասպանություն։
Ամեն սպանություն քստմնելի է ու գազանական գործ, բայց մանավանդ զարհուրելի է տեսնել դաշույնը աշակերտի ձեռքին՝ ներկված ուսուցչի արյունով։ Այս պատկերը արդեն չափազանց ուժգին է ցնցում նույնիսկ մեր բարբարոսական տեսարանների ընտելացած ուղեղը, այս դեպքը դուրս է գալիս