Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր նեղ դպրոցական շրջանակից ու շատ խորն է տանում մեր սարսափած միտքը։ Այդ պատանի-աշակերտ մեղադրյալը, սպանչի խանչալը ձեռքին, մի ծանր դատապարտություն է մեր ամբողջ կյանքին, մեր կոշտ ու կոպիտ սրտերին, մեր վարք ու բարքերին ու ադաթներին։ Սա գոռում է մինչև երկինք, թե փչացած է մեր մարդը, մեր ընտանիքը, մեր դպրոցը, մեր հասարակությունը, և փչացած է ներսից, մինչև հոգու խորքը, մինչև ուղեղի ծուծը։ Սա վկայում է, որ մենք քաղաքակրթված ենք միմիայն շորերով, լուսավորված ենք միմիայն վկայականներով, և ոճիրի պատասխանը պետք է տա մեր ամբողջությունը, որովհետև ծառիցն է ընկել պտուղը։

Ընտանիքը բարեկիրթ երեխա պետք է ուղարկի դպրոց, ոչ թե մի արարած, որ ընդունակ է խանչալ հանելու և կամ այլ գազանական միջոցներով սարսափի տակ դնելու իր ուսուցչին։ Այս տեսակ հարաբերություններով վարժապետի սպանությունից առաջ կնշանակի արդեն սպանված է ուսումնարանը, սպանված է նրա հոգին, նրա էությունն ու ազդեցությունը, և մնում են միայն պատերն ու արտաքին ձևակատարությունները։

Ասում է՝ ուսուցիչն անիրավ է եղել։

Ընդունենք, թեկուզ, որ այդպես է եղել։ Դա գալիս է միմիայն մի սև գույն էլ ավելացնելու մեր կյանքի մռայլ պատկերին և ասելու, որ ուսումնարանն էլ դժբախտաբար զարգացնում ու բորբոքում է այն վայրենի բնազդները, որ պետք է մեղմի ու կրթի։ Բայց դա հո չի կարող արդարացնել մարդասպանությունը։ Մարդասպանությունը այլևս անհանդուրժելի է կրթված մարդկության խղճմտանքի համար, որ արդեն աղաղակում է միլիոնավոր բերաններով աշխարհքի ամեն կողմից, թե չի՛ կարելի սպանել մինչև անգամ սպանչին և չպետթ է սպանի նույնիսկ դահիճը, ուր մնաց աշակերտը ուսուցչին, զավակը ծնողին, ընկերն ընկերին, մարդը մարդուն։ Չի՛ կարելի սպանել։