Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<Լ.Ն. ՏՈԼՍՏՈՅԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ>

Ընկավ ռուսական վիթխարի հանճարը ու մահվան բոթից թնդում է լայնածավալ Ռուսաստանը մի ծայրից մինչև մյուսը։ Թնդում է և ամբողջ լուսավոր աշխարհքը, որովհետև, ինչպես ճշմարիտ մեծ մարդ, կրելով կատարյալ իր ժողովրդի հոգին ու պատկերը, հանդիսանում էր իր ժամանակի գեղարվեստական գրականության այն հոյակապ ուժը, որ կարող էր մի հայացքով ու մի գրվածքով ամփոփել կյանքը ահագին տարածության վրա՝ վերևից մինչև ներքև, արտաքին կեղևից մինչև հոգու ամենածածուկ խորշերը, հանդիսանում էր իր ժամանակի հսկա փիլիսոփան, որ աշխատում էր լուծել կյանքի առեղծվածը, խորամուխ լինել, հասկանալ ու պատասխան գտնել, թե ինչո՜ւ է ապրում մարդը և փիլիսոփայական խաղաղությամբ նայելով մահվան պաղ ու խորունկ աչքերին՝ ուզում էր հաշտություն ստեղծի նրա ու նրա առջև սարսափող հոգիների մեջ։

Գերագույն ապավեն էր որոնում, Աստված էր որոնում տառապող ու դժբախտ մարդկության համար և գտնում էր նրան ոչ թե ուժի մեջ, այլ արդարության, ճշմարտության, ներքին, բարոյական մաքրության և այն սիրո մեջ, որ հավասարեցնում ու եղբայրացնում է մարդկանց, թշնամի չի ճանաչում աշխարհքում, չի հակառակում նույնիսկ չարին. և ազատությունն էլ հենց սրա մեջ էր դավանում։

Մահվան հանդեպ հաշվելով մարդու կարճօրյա կյանքի օրերը՝ իջեցնում է նրա արժեքը ու քարոզում է այն էլ նվիրել սիրո ու բարության Աստծուն։

Դեռ երիտասարդ հասակից նրա միտքը քաշում է դեպի բնությունն ու գյուղացին — մուժիկը։ Այնտեղից տարածվում է բոլոր արհամարհվածների ու զրկվածների վրա ու մի օր էլ բացականչում է. «Չեմ կարող չտեսնել մերկերին ու քաղցածներին»։ Իհարկե, այս այն տեսնելը չի, որ տեսնում են սովորական աչքեր ունեցողները։ Եվ այսպես տեսնելուց հետո ութսունական թվականներին գրում է. «Քաղաքային կյանքը, որ առանց այն էլ խորթ էր իմ հոգուն, զզվեցրել