Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանձնաժողովի գործը՝ մնացածը հոգալու նույնպես պատվավոր ձևով։

Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը։ Եվ երբ որ տեսնի, կհամոզվի, որ նրանց մեջ էլ կան այնպիսիները, որոնք իրենց տաղանդով մրցում են ու հավասար են եվրոպական ժողովուրդների սիրված, հանրահռչակ հեղինակներին, տարբերությունը միայն սրանց ու նրանց բախտի մեջն է։

ԱՆԱՐԴԱՐ ՈՐՈՇՈՒՄ

Արձագանք տալով պ. Ղ. Աղայանի երեկվա «Հորիզոնում» հայ հեղինակներին արած կոչին, գալիս եմ դատապարտելու Կովկասի Հայոց հրատարակչական ընկերության խմբ<ագրական> մասնաժողովի ուղղագրական որոշումը։

Հրատարակչական ընկերություններն ու նրանց մասնաժողովները պետք է ճանաչեն ու հարգեն հեղինակի ամեն տեսակի ազատությունը, նրա հետ և ուղղագրական, եթե այդ պահանջում է նա։ Խոսքը, իհարկե, ընդունված ուղղագրությունների մասին է։ Հրատ<արակչական> ընկերությունները հեղինակից վճարով գնում են նրա գրվածքի տպագրության ու վաճառման իրավունքը, իսկ գրելու ձևը, ոճը, ուղղագրությունը, կետադրությունը մնում են հեղինակի անվաճառելի սեփականությունը։ Եթե մի որևէ փոփոխություն մտցնելու է դրանց մեջ — միմիայն հեղինակի համաձայնությամբ։

Էլի կհասկանայինք հրատ<արակչական> ընկ<երության> պահանջը, եթե նա հրատարակելու լիներ մի օրգան, մի օրաթերթ, մի ամսագիր կամ ժողովածու, բայց նա հրատարակելու է մեկը մյուսից անջատ, առանձին-առանձին գրքեր։ Ինչ միտք ունի նրա այդ պահանջն այս դեպքում։ Եթե այն, որ ուզում է միօրինակ ուղղագրություն մտցնի հայոց գրականության մեջ, ապա թող գիտենա, որ այդ չի կարող անել այս կամ այն, պատահմունքով ընտրված, մասնաժողովը,