Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն էլ փողի ճնշումով, գրվածքի ներքին արժանիքից անկախ՝ ուղղագրության համար մերժելու սպառնալիքով։ Դա միայն մի հետևանք կունենա, որ առանց այն էլ գրվածք չստացող ընկերությունը ավելի կվնասի իրեն։

Տարօրինակ է այդ որոշման մեջ մանավանդ պ. Ստ. Մալխասյանի վարմունքը։ Նա, որ երեկ չէ առաջին օրը «Մշակի» № 257-ում իրեն «Արորից» ու Հ. Առաքելյանից խռոված հայտարարեց՝ իր վ-ի ազատագրության պատճառով, և նույնիսկ միևնույն օրգանի մեջ ստիպեց մտցնել տարբեր ուղղագրություններ, այսօր հրատ<արակչական> ընկ<երության> մեջ ուրիշների համար անում է այս` միանգամայն հակառակ և անարդար որոշումը։

ԱՄԵՆՔԸ ՄԻԱՍԻՆ

— Այժմ ի՞նչ պետք է անենք Խ. Աբովյանի արձանի համար, երբ միայն 200 ռ. ունենք 18,000-ի փոխարեն,— հարցրի Կուլտուրական միության պ. նախագահին։

— Երեկույթներ պետք է սարքենք, հարուստներին պետք է դիմենք, ուրիշ ի՞նչ անենք,— պատասխանեց նա։

Ու սիրտս մի երկյուղ ընկավ։ Ուրեմն կարող է պատահել, որ այս ճանապարհով կանգնի Խ. Աբովյանի արձանը, երևի վրեն էլ գրած «Հայ ազգը—իր մեծ զավակին»։

Ո՛չ, այդ անկարելի է, այդպես չպետք է լինի։ Հայ ժողովուրդը, ինչքան էլ անտարբեր ասենք, ինչքան էլ հոգնած ու աղքատ, թույլ չի տալ և թույլ չպետք է տա, որ այդպես լինի։ Դա մի տաղանդավոր գրողի արձան չի, դա մի անհատի արձան չի, դա հայ ժողովրդի վերքոտ սրտի արձանն է, որ կանգնելու է այնտեղ Արարատի սրբազան դաշտում սերունդներին ու դարերին ի տես, որ տեսնեն, թե քանի սուր կա ցցված նրա մեջ, քանի դարդ ու ցավ։

Պետք է կանգնի հավիտյան ու անլռելի պատմի աշխարհքին հայի տանջանքն ու տենչանքը։ Սրա նման մի կոթող էլ կա, որ թերևս մի օր հայությունը կբարձրացնի Վանա ծովի ափերին, Նարեկա ժայռերի վրա, որ նա էլ երկնքին պատմի,