Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ի խորոց սրտի» աստուծո հետ խոսի ու դեպի վեր ուղղի «Ձայն հառաչանաց հեծութեան սրտի ողբոց աղաղակի»

Եվ կատարյալ կլինի։ Թող լսեն և՛ երկինքը, և՛ երկիրը։ Եվ պետք է լսել, որովհետև այստեղ արդեն հայի լեզուն չի, որ խոսում է, բերանը չի, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին է, որ մռնչում է մինչև երկինք։

Սրանց արձանները երեկույթներով ու հարուստների փողով չեն կանգնելու, այլ ազգի ընդհանրության։ Սա մի պարտականություն է, բայց միաժամանակ և մի իրավունք, որ վերապահված է ամեն մի հայի։

Խ. Աբովյանի արձանն էլ թո՛ղ ուշանա մինչև հարկավոր գումարի լրանալը. միայն թե հայ ժողովուրդը կանգնի։ Նրա արձանը պետք է կանգնի այն տեսակ երեք ռուբլիներով, որ այսօր նվիրաբերում է մի դառն աշխատավոր, մի Անուշավան Աբովյան իր սրտի անկեղծ հրճվանքի ու ազգային հպարտության հետ միասին։ Բայց այդ երեք ռուբլին շռայլ է. կոպեկներ լինեն թող, միայն թե ամենքը, ամենքը գան ու մասնակցեն, որովհետև նա ամենքինն է ու ամենքը նրա մեջ են։

ԷՋՄԻԱԾՆԻ ՑԱՎԸ

Արդեն հայտնի էր, որ Վեհի վերջին վրդովմունքը ծանր էր ազդել նրա՝ առանց այն էլ հիվանդ սրտի վրա։

Դժբախտաբար նոր տեղեկությունները գալիս են հաստատելու, որ, հիրավի, թունավորված են եղել հայոց եկեղեցու պետի վերջին օրերը։ Թե ով է վրդովել, այդ հետո կպարզվի և երկրորդական է մեզ համար, բայց թե ի՞նչն է պատճառը, սա է գլխավոր հարցը։

Ծանր է այս հարցի պատասխանը։

Ծանր է, բայց պետք է տանք վերջապես։ Եվ ահա այդ պատասխանը։

Անձնականն է պատճառը։

Այս պատասխանի մեջն է Էջմիածնի միաբանության հավիտենական