Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրախանալ, թիֆլիսեցի էն քահանայի նման, որի մասին պատմեց Եփրեմ եպիսկոպոսը առաջնորդարանում հավաքված բազմությանը, որ բացականչել է թե՝ ինն ամիս առաջ պետք է մեռած լիներ։

Այո՛, սրանք և սրանց նմանները կարող էին հարձակվել ու ասել ամեն բան, բայց այդ ամեն բանի առջև ինչո՞ւ էին լռում այն մարդիկ, որ Իզմիրլյանին գիտեին միշտ մաքուր ու ազնիվ, նվիրված ու սրտացավ։ Ինչո՞ւ էին լռում այդ մարդիկ, ես այդ չեմ հասկանում։

Եվ այս գիտակցությունն այսօր ծանրանում է շատ շատերիս խղճմտանքի վրա։

Մենք չպաշտպանեցինք նրան, ինչպես չենք պաշտպանում մեր լավ գործիչներից, մեր ազնիվ մարդկանցից ոչ մեկին։

ԱԶՆԻՎ ՄԱՐԴԸ

Իզմիրլյանի անունը կապված է հայ ժողովրդի տագնապալի օրերի պատմության հետ։

Համիդյան հալածանքների ու կոտորածների արյունոտ պատկերի հետ միասին, «Հայկական սարսափներ» կոչված դժոխքի կարմիր լույսի տակ՝ մարդու հիշողության մեջ բարձրանում է նրա ազնիվ ճակատը, կնճռոտ ու տխուր, սակայն բաց ու անվեհեր կանգնած այդ ամենի դեմ, որպես մի մաքուր մարմարյա աշտարակ, մի հզոր պատնեշ աշխարհավեր մրրկի դեմ կեցած հաստատուն։ Եվ ամեն կողմից ահաբեկված ժողովուրդը նրան էր հառած իր սգավոր աչքերը, նրան տեսնելով, խորտակված սրտերը լցվում էին նորից ապրելու հույսերով։

Մարդիկ կան, որոնց միմիայն սոսկ գոյությունը, ներկայությունն ավելի շատ գործ է տեսնում, քան թե հազարավորների գործը։ Այդպիսի դեմքեր էին վերջերս հայոց ժողովրդի մեջ Խրիմյանն ու Իզմիրլյանը։ Խրիմյանը իր անձի հոյակապ մեծությամբ, Իզմիրլյանն իր արտասովոր ազնվությամբ։