Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս այդ ժողովրդի նույն տենչանքն է, որ մի ժամանակ առասպելաբանելով Սաթենիկ թագուհուն հատկացրել է նրան։

Եվ հայտնի է, որ հին հեթանոս Հայաստանում, ինչպես ուրիշ երկրներում, ծաղիկներն ու խոտերն ունեին իրանց աոանձին խորհրդավոր նշանակությունը, զորությունն ու պաշտամունքը, որը մոռացություն կնշանակեր, որն ապերախտություն, որն ատելություն էր ստեղծում, որն ապահովում չար աչքից։

Անկասկած է, որ սերն էլ ուներ յուր ծաղիկները, և այդ ծաղիկները գործ էին ածվում սեր արծարծելու, սիրտ գրավելու համար սիրային կախարդանքների մեջ։

Եվ ինչպես այսօր կախարդանքների ժամանակ «կիպրիանոս», գիր, շորի կտոր, մազ (սրանք սովորականներն են) և այլ կախարդական զորություն ունեցող իրեր ու գրեր են դնում բարձի մեջ ու տակ, որ բարձի վրա քնողը կախարդվի (գուցե անուշ երազներով), նույնպես և այդ միևնույն զորություն ունեցող ճանաչված ծաղիկը կամ խոտը կարելի էր դնել բարձի մեջ նույն նպատակի համար, և մի՞թե կասկածի տեղ է թողնում նույն ժողովրդի սովորությունը, որ հասել է մեզ և ավելի պերճ է խոսում քան ամեն պատմաբան։

Խոսքիս վերջում ես անում եմ մի այսպիսի ենթադրություն, որը, սակայն, ոչ հակասում և ոչ վնասում է նախընթաց ասածներիս։

Ներկա դեպքում երգի կտորը կարող էր ակնարկել և մի ուրիշ սովորություն, որովհետև առասպելը միայն ասում է, թե Սաթենիկը տենչում էր Արգավանի բարձերի ծաղիկներին, իսկ այդ ծաղիկների բարձերի մեջ դնելու մասին լռում է. ո՞վ էր դրել այդ ծաղիկները՝ չի պատասխանում։

Հին մեծերն ու իշխաններն ունեին իշխանական բարձեր։ Այդ բարձերը նրանց մեծության աստիճանն ու հարգն էին որոշում և իրանց այս բարձր նշանակությամբ համարվում էին սրբազան, որոնք և պետք է ժամանակի օրհնությամբ ու կախարդանքներով կրոնի տեսակետից ապահովված ու զորացած լինեին։

Այդպես մինչև օրս արևելքում իշխանները համայիլներ, գրեր, հուլունքներ, ձկան, օձի ողնաշար, ոսկրներ և այլն են