Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2) Խավարծի—«Փափուկ և թաւ բոյս է մատաղ․ բողբոջ, ընձիւղ․ որպես թէ խավարտ տնկոյ. Տես և Խորձուիլ, որ է ծիլ որթոյ։ «Կանգնեցան կացին (յորթն) կողր և տերևք, խաւարծի, և ծաղիկ և ողկոյզ. Վեցօր. Ե»6։

«Ինքեանք փափուկք, և պէսպէս զարմանօք օրըստօրեայ իբրև զխաւարծի փափկանային։ Ոսկ. Եփես. ԺԳ»։

Խավարծել կամ խավըրծել մի թթվաշ բույս է ըստ վանեցոց։

3) Խավարտ— բանջար ուտելի մարդկան, կանանչեղեն։ «Եթէ ոք զբանջար հատանէ կամ խաւարտ։ Կոչ. Զ»։ «Հինգ նկանակ հաց, և խաւարտ, և աղ, և ջուր։ ՃՃ»7։

«Ոչ կերեալ խաւարտ, և ոչ բանջար դալար։ Եւագր. Ա։ Խաւարտ, որ կոչի հազար. Վրք հարց, Ձ»։

4) Տից—բառ անյայտ, որպես բոյս նորաբողբոջ կամ բողբոջ բուսոյ8։

Այս բառարանի և մատենագիրների վկայությունները։

Բայց շատ անգամ անհասկանալի, մթին բառերը հասկացվում են պարբերության ընդհանուր իմաստի ուժով։ «Տենչայր» պարբերությունը մի սիրային տենչանք է և մթին բառերն են նրա նպատակը. սիրահարված տիկինը սաստիկ ցանկանում է յուր սիրած Արգամի բարձերից ձեռք բերել արտախուր խավարտ և տից խավարծի։

Արդ ինչ են այս արտախուր խավարան ու տից խավարծին։

Ինչ էլ որ լինեն, այն պարզ է, որ սիրահարվածի ուզելիք են. ըստ որում տիկին Սաթենիկը, իբրև թե, տռփական սեր էր տածում դեպի վիշապազունների Արգավան նահապետը։ Այս հանգամանքը մեզ մոտեցնում է այդ խրթին բառերի ընդհանուր իմաստին, հետո գալիս են զանազան մատենագրերի վկայությունները, որ դրանք բույսերի անուններ են. ապա վրա է հասնում ժողովրդի մի սովորությունը, նույնպիսի մի տենչանք, որ ունի այսօր սիրահարված հայ գյուղացին։ Ում սիրտն ու սերն ուզում է ձեռք բերել, նրա բարձի մեջ, ի թիվս այլ միջոցների, կախարդական զորություն ունեցող ծաղիկներ ու խոտեր է դնում և որոշյալ ժամանակից հետո բարձից հանում, ետ գողանում տանում, իբրև թե նրա հետ և յուր անձկալիի սերը։