դուրս գալուն։ Եվ իր սարքովի հեռագրի մեջ պատմում է, թե հրաժարականն ստացվեց Կարապետ եպիսկոպոսից, ժողովը կարդաց և գտավ, որ գրության ոճը ըստ տոնի և կարգապահության թույլատրելի չէ, բայց գրությունը վրդովեցուցիչ ոչ մի հանգամանք չի կրում։ Դարձյալ սուտ։ Եղած ժողովից որ ստեր է գրում, չեղած ժողովից ինչե՞ր կգրի։ Ժողովն այսպիսի բան չի գտել, թե Կարապետ եպիսկոպոսի գրությունը վրդովեցուցիչ ոչ մի հանգամանք չի կրում։ Ժողովը, այն ժողովը, ուր չի եղել Հ. Ա., բայց որի անունից խոսում է, հանել է հետևյալ եզրակացությունը. «Կարդալով տ. Կարապետ եպիսկոպոսի հրաժարականը Ատրպատ<ականի> թեմի առաջնորդությունից պատգամ<ավորական՝> ժողովս իր վիշտն է արտահայտում այնտեղ կիրառած՝ մի քանի անպատշաճ խոսքերի ու ոճերի նկատմամբ։ Բացի այս, լսելով միաբաններից ոմանց և Էջմիածնի իրականությանը մոտ տեղյակ մի քանի անձերի ծանուցումները միաբանության մեջ տիրող ներկա տխուր իրականության մասին, ժողովս հայտնում է իր խորին վիշտը այդ առթիվ։ 20 դեկտ. 1910. ս. էջմիածին»։
Ահա ժողովի հանած որոշումը, որ ժողովի կողմից նախագահ պ. Խունունցը տարավ Տ. Տեղակալին։ Ոչ մի խոսք չկա այն մասին, թե Կարապետ եպիսկոպոսի գրությունը վրդովեցուցիչ ոչ մի հանգամանք չի կրում։ Եվ, ինչքան էլ մեղմ վարվեր, ինչպես կարող էր պատգ<ամավորական> ժողովը չքմեղացնել այնպիսի մի գրություն, որի մասին գաղափար տալու համար մի կտոր դնում եմ ընթերցողի առաջ։ Ահա.
Առ Նորին Վեհափառություն
Ծանրապես վիրավորեցիք ինձ երեկ՝ «Դուք սուտ եք խոսում» ասելով երեսիս և դուրս հանելով Ձեր սենյակից այնպիսի մի խոսքի համար, որի ճշմարտությունը հաստատել