Բայց առաջ գնանք դեռ.
Հ․ Ա․ հավատացնում է, թե մի խմբակ էր, որ Կարապետ եպիսկոպոսի հարցը հարուցանելով ուզում էր գրգռումներ առաջ բերի որոշ մարդկանց դեմ։ Սուտ է ասում Հ. Ա.։ Բոլոր պատգամավորներն էին վկայում, թե հուզված է իրենց ժողովուրդը, թե Էջմիածնի վերջին դեպքերը ծանրացած են մարդկանց խղճմտանքի վրա և կուզենային մի բան պարզվեր, որ մի հաստատ տեղեկություն տանեին իրենց ղրկող ժողովուրդներին։ Հարցը հարուցանողը եղել է հենց «Մշակի» աշխատակից պ. բժ. Վ. Արծրունին, իսկ որոշումը կայացել է գրեթե միաձայն։
Նա հավատացնում է «Մշակի» ընթերցողներին, թե ժողովի արդյունքը աննպաստ եղավ թելադրիչների համար։
Դարձյալ սուտ է ասում։ Ինչպես հայտնի է աշխարհքին, ժողովը այդ դեպքերի առթիվ իր խորին վիշտն է հայտնել Տ. Տեղակալին։ Եվ ճշմարիտ էին աղաղակում միաբաններից պատվասերները, թե երբեք Էջմիածնի միաբանությունը այսպիսի ծանր հարված չի տեսել։
Բժ. Աբծրունու հարցը դնելուց հետո, երբ ես բացատրեցի թե ինչու և ինչպես է «Հորիզոնը» այդ խնդիրը դրել հրապարակ և առաջարկեցի Կարապետ եպիսկոպոսի հրաժարականը բերել կարդալ ժողովում ու գործը պարզել, Հ. Ա. վեր կացավ առարկեց, թե դա կուսակցական գործ է, թշնամական կիրքն է խոսողը, ինչո՞ւ միայն Կարապետին են դատում, ինչո՞ւ Մեսրոպին էլ չեն դատում։ Ես դիմեցի ժողովին ու ասի. երբ այս տեսակ խոսք է լինում, ես կարևոր եմ համարում ամենից առաջ պատգ<ամավորական> ժողովում պարզել թյուրիմացությունը և վերացնել ամեն կասկած կուսակցության կամ թշնամական կրքի մասին։ Եթե Կարապետ եպիսկոպոսն ինքը գա ասի, թե ես կուսակցական եմ եղած կամ իրեն թշնամի — ետ եմ առնում իմ բոլոր խոսքերը։ Ընդհակառակը, մինչև այսօր մենք եղել ենք բարեկամներ։ Մոտ օրերս էլ Թիֆլիս նա իմ տանն էր։ Նա եղել է իմ գրական ջերմ բարեկամներից․ մինչև անգամ վերջին օրերս, մարդկանց ներկայությամբ ասում էր՝ հայոց մամուլը (ձեռքը մեկնելով Հ. Ա.-ին) քեզ լավ չի գնահատել,